Դանակահարություն Ակնալիճ գյուղում․ հանցագործությունը բացահայտվել է (տեսանյութ)
Ապրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բաժնից բուժհաստատություն եւ Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաեւ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։
25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ դանակը։ Դեպքի հանգամանքները եւ արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։