ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
ԵԱՏՄ–ում մենք աշխատում ենք, չկա մեխանիզմ, որ 5–ով կարող են որոշել ու 6–րդին հանել ԵԱՏՄ–ից. Միրզոյան

ԵԱՏՄ–ում մենք աշխատում ենք, չկա մեխանիզմ, որ 5–ով կարող են որոշել ու 6–րդին հանել ԵԱՏՄ–ից. Միրզոյան

Մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, աշխատում ենք, այդտեղ նոր համաձայնության կարիք չկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԱՏՄ–ի մասով Ռուսաստանի հետ կա համաձայնություն, արդյոք հնարավոր է, որ Հայաստանին հեռացնեն այդ կառույցից։

Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ փաստաթղթերում չկա հնարավորություն, որ կարող են մեզ հանել այդ կառույցից. «Չկա տենց բան գրված, թե չէ աշխարհի վրա այնքան բան կարող է լինի։ Տեսականորեն այնքան բան կարող է լինի գրված սահմանադիր փաստաթղթերում չկա մեխանիզմ, հինգով վեցերորդին հանելու»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Հայաստանը պետք է մինչև նոյեմբեր 30–ը որոշում կայացնի ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի ընտրության հարցում, Արարատ Միրզոյանն ասաց. «Այդ հարցով որոշում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պիտի կայացնի ինչ-որ մի պահի ապագայում։ Ո՞վ է ասում, որ մենք պիտի մինչև նոյեմբերի 30-ը որոշում կայացնենք, մենք մտածում ենք տարբեր հարցերի շուրջ, ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է այդպես կոնկրետ որոշում կայացնենք»։

  • Կիսվել: