ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
2027-ին հանքարդյունաբերության ոլորտում ունենալու ենք մոտ 3 մլրդ-ի արտահանում. ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ

2027-ին հանքարդյունաբերության ոլորտում ունենալու ենք մոտ 3 մլրդ-ի արտահանում. ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ

Հայաստանն ունի զգալի ներուժ՝ հանքային ռեսուրսների աճող համաշխարհային պահանջարկը բավարարելու համար, սակայն երկրի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում։ Այս մասին ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Mining Armenia Forum 2026 ֆորումում։

Նա ընդգծել է, որ եթե չլիներ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը, ապա վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտոը որևէ աճ արձանագրած չէր լինի։ Ջհանյանը առավել մտահոգիչ է համարել այն փաստը, որ վերջին տարիներին երկրաբանական հետախուզման ծախսերը երկրում ընդհանուր առմամբ կրճատվում են՝ 2015 թվականի համեմատ դրանց մակարդակը նվազել է մոտ 50%։

Չնայած զգալի երկրաբանական ներուժին, երկիրը, Ջհանյանի գնահատմամբ, բավարար ծավալի աշխատանքներ չի իրականացնում պաշարների ուսումնասիրման, գնահատման, հանքավայրերի հետագա շահագործման համար։ Ըստ Ջհանյանի, պետությունը պետք է ակտիվ ջանքեր գործադրի այս ուղղությամբ։

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Ջանյանն առանձնացրել է երկրաբանական հետախուզական աշխատանքների մոտեցումների կատարելագործումը, միջազգային ստանդարտների ներդրումը և հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման համակարգի առաջմղումը։ Նա առանձնացրել է նաև ճյուղային ստանդարտների մշակումը, որոնք պետք է պարտադիր լինեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բոլոր մասնակիցների համար։

Ջանյանը նշել է, որ Հանքարդյունեբերողների ասոցիացիան զգալի աշխատանք է կատարում այս ուղղությամբ, ինչը կառավարության հետ փոխգործակցությունը գործընթացի կարևոր մասն է։

«Հայաստանը պետք է ոչ միայն օգտագործի համաշխարհային շուկաներում ստեղծված բարենպաստ իրավիճակը և մեծացնի արտահանումը նոր նախագծերի հաշվին, այլև ստեղծի պայմաններ ոլորտի համակարգային զարգացման համար։ Սա ենթադրում է ավելի ակտիվ երկրաբանական հետախուզում, պաշարների հաստատում, միջազգային ստանդարտների ներդրում և երկրի ռեսուրսային ներուժի պատասխանատու օգտագործում։  Հենց այս խնդիրների լուծումը, արտադրության և արտահանման աճին զուգահեռ, պետք է նպաստի համաշխարհային շուկայում ռազմավարական կարևորություն ունեցող մետաղների ոլորտում Հայաստանի հնարավորությունների ավելի լիարժեք օգտագործմանը»,- եզրափակել է Ջհանյանը։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

  • Կիսվել: