ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է

Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Արարատի ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, ում անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։

Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան Անահիտ Ս.-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի աղջիկն էր։

  • Կիսվել: