COVID-19-ով հիվանդին պատշաճ բուժօգնություն չտրամադրելու քրգործը կասեցվել է ու չի քննվում
2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել COVID-19 վարակակիր 81-ամյա քաղաքացի Ֆելիքս Հայրապետյանի մահվան դեպքով․ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Հարուցված քրեական գործին զուգահեռ՝ դեպքի առնչությամբ Հարապետյանի դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանը որպես իրավահաջորդ երեք հայց է ներկայացրել նաև վարչական դատարան։ Դրանց նպատակը ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական հաստատություների թերացումներն ամրագրելն է։ Այս մասին տեղեկացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ»-ը։
Ինչպես է տեղի ունեցել դեպքը
Ֆ․ Հայրապետյանը դեռևս 2020 թվականի հուլիսի 16-ից սկսած ջերմել է, վատացել է ինքնազգացողությունը։ Սակայն, չնայած հարազատների բազմաթիվ խնդրանքներին եւ զանգերին, ոչ մասնավոր, ոչ պետական բուժհաստատություններից բուժօգնություն չի ստացել՝ պատճառաբանությամբ, որ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կարգավորումների համաձայն շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն ջերմելուց 3 օր անց, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է COVID-19 -ի թեստ հանձնել։
Հունիսի 19-ին Հայրպետյանը «Մեդլայն» մասնավոր ԲԿ Դավթաշենի կենտրոնում հանձնել է թեստը, որի պատասխպանը ստացվել է միայն հունիսի 23-ին։
Նույն օրը նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ՝ բուժման, իսկ արդեն հունիսի 20-ին քաղաքացու մոտ սկսվել է դեսատուրացիա և շնչառության դժվարացում։ Փաստացի, քաղաքացու բուժումն իրականացվել է միայն կորոնավիրուսի առաջին ախտանիշներից 8 օր անց միայն, երբ հիվանդի առողջական վիճակը ծայրահեղ էր։
Հուլիսի 4-ին Հայրապետյանը մահացել է։
ԻՊԱՍ-ը ստանձնում է նախադեպային գործով պաշտպանությունը
Ա․ Հայրապետյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Ըստ ԻՊԱՍ իրավաբանների՝ հիվանդության ընթացքը, պետական մարմինների անգործությունն ու ձեռնակված ուշացած քայլերը հիմք են տալիս ասելու, որ պետությունն ի դեմս ներգրավված մարմինների, ի վիճակի չի եղել պաշտպանել Ֆ․ Հայրապետյանի կյանքի իրավունքը։
Վերոհիշյալ քրեական գործից զատ, Հայրապետյանի դուստրը եվս երեք հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան։ Մեկով՝ տեղեկատվություն է պահանջել բժշկական կենտրոնից, մյուսով՝ վիճարկում է ՀՀ առողջապահության նախարարի 21,05,2020 N-1606-Ա հրամանն ու դրանից բխող փոփոխությունների իրավաչափությունը, երրորդով պահանջում ոչ իրավաճափ ճանաչել հոր առողջական վիճակի եւ բուժման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը մերժելը։
Քրեական գործը՝ նախ կասեցվել է, ԻՊԱՍ բողոքից հետո կասեցումից հանվել
Ֆ․ Հարապետյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը հարուցվելուց 2 ամիս անց կասեցվում է քննիչի որոշմամբ՝ պատճառաբանությամբ, որ հնարավոր չէ պարզել որպես մեղադրյալ ներգրավված ենթակա անձին և անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
Քրգործի կասեցման դեմ դատական կարգով բողոք է ներկայացվել Արուսյակ Հայրապետյանի կողմից, ինչը բավարարվել է եւ գործը կասեցումից հանվել է, սակայն առ այս պահը գործով շարժ եւ արդյունք չկա, ըստ էության քննություն չի իրականացվում, չնայած Ա․ Հայրապետյանի ներկայացուցչի կողմից գործով քննիչին պարբերաբար ներկայացվել են դիմումներ եւ գրություններ։
Վարչական գործեր
Այսպես, 2020 թվականի օգոստոսի 10-ին Ա․ Հայրապետյանը հարցումով դիմել է «Մեդլայն» ԲԿ՝ ստանալու Ֆ․ Հայրապետյանի հիվանդության պատմությունը, բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ։ Սակայն պատասխան գրության մեջ ԲԿ-ն հրաժարվել է տեղեկություններ տրամադրել՝ պատճառաբանելով, թե հայցվող տվյալները բժշկական գաղտնիք են։
Մերժման որոշումը վիճարկվել է վարչական դատարանում՝ ինչը նախադեպային է եղել։ Գործով պատասխանող է ներգրավվել եւ «Մեդլյան» կլինիկան, եւ ՀՀ առողջապահության նախարարությունը, քանի որ նախարարի հրամանով է վերոհիշյալ մասնավոր ԲԿ-ն ներառվել COVID-19-ով հիվանդների բուժօգնություն ապահովող ԲԿ-ների ցանկում։
ԻՊԱՍ իրավաբանների դիրքորոշումն այն է, որ համապատասխան կարգավորմամբ ԱՆ-ի կողմից ԲԿ-ին նման իրավասությամբ օժտելը թույլ է տալիս պնդել՝ այդ հրամանից բխող իրավահարաբերություններում նախարարությունը հանդիսացել է ԲԿ-ի վերադաս։ Վերջինիս պատվիրակվել են գործառույթներ ու իրավասություններ՝ նախարարության համապատասխան նորմատիվային հիմքով։
Հայցադիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ, տեղի են ունեցել նախնական դատական նիստեր եւ հայցվոր կողմը քրեական գործի շրջանակներում հասանելիություն է ստացել պահանջված տեղեկություններին։
Վարչական դատարանը անվավեր ճանաչեց COVID-19-ի մասով ԱՆ երկու կարգավորումները
2020 թվականի հոկտեմբերի 19-ին դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան հրամանները մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով․ դրանցում, մասնավորպես, վիճարկվում է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։
Իրավահաջորդի ներկայացուցիչներ դիրքորոշումն այն է, որ համավարակի ընթացքում նախարարությունն իրականացրած քաղաքականությամբ բնակչության առողջական խնդիրներին ի վիճակի չի եղել պատշաճ արձագանքել և արդյունավետ լուծումներ առաջարկել կոնկրետ անձանց կարիքներից ելնելով։
Սակայն, հոկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ Վարչական դատարանը դիմումի ընդունումը մերժել է՝ հիմնավորելով որոշումը նրանով, որ նշված հրամանները նորմատիվ իրավական ակտեր չեն:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշման դեմ ԻՊԱՍ իրավաբանների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որում ներկայացվել է նաև այն հիմնավորումը, որ գործի շրջանակում դիմումով բարձրացված հարցերն ու դրանք կարգավորող Առողջապահության նախարարի հրամանները սահմանել են վարքագծի ընդհանուր կանոններ՝ ուղղված անորոշ խմբի շրջանակի, հետևաբար դրանք չեն կարող համարվել անհատական վարչական ակտեր։
2021 թվականի հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է վարչական դատարանի «Դիմումի ընդունումը մերժելու» որոշումը։
Արդեն 2022-ի հունվարի 4-ին ՀՀ Վարչական դատարանը որոշել է բավարարել Ա․ Հայրապետյանի դիմումն ընդդեմ նախարարության՝ անվավեր ճանաչվելով Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները հաստատելու մասին 10․04․2020թ-ի թիվ 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը /լրացված թիվ 1638-Ա հրամանով։
Որոշմամբ ոչ իրավաչափ են ճանաչվել նախարարի թիվ 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի
Դատարանի որոշումը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից ընդունված վերոնշյալ հրամանները այնպիսի պայմաններ ու կարգ են սահմանել, որոնք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հոսպիտալացման ու բժշկական օգնության և սպասարկման համար մի շարք խոչընդոտներ են ստեղծել՝ հանգեցնելով նաեւ անդառնալի հետևանքների, ինչպես կոնկրետ քննարկվող դեպքում։
Վարչական դատարան ներկայացվել է նաեւ երրորդ հայցը
Ելնելով գործի նախադեպային կարևորությունից եւ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով՝ ԻՊԱՍ իրավաբանների կողմից վարչական դատարան է ներկայացվել նաեւ երրորդ հայցադիմումը՝ ընդդեմ «Մեդլյան» կլինիկայի եւ ՀՀ Առողջապահւթյան նախարարության՝ հայցվորի կողմից պահանջված տեղեկությունները՝ այն է հոր առողջական վիճակի եւ բուժման մասին, ոչ իրավաչափ ճանաչել։
Վարչական դատարանը հայցվորի հայցադմիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «Մեդլյան» կլինիկան չի հանդիսանում պետական մարմին, իսկ հայցվորի պահանջը հանրային բնույթ չունի։ Հատկանշական է, որ համանման փաստերով նույն պատասխանողների դեմ Արուսյակ Հայրապետյանի առաջին հայցադիմումը ընդունվել էր վարույթ, տեղի էին ունեցել նախնական դատական նիստեր եւ Ա․ Հայրապետյանը ստացել էր պահանջված տեղեկությունները։
Ա․ Հայրապետյանի ներկայացուցիչների կողմից վարչական դատարանի մերժման որոշումը բողոքարկվել էր վերաքննիչ դատարանը, ինչը 2022թ-ի հուլիսի 1-ի որոշմամբ բավարարվել է։
Չնայած որոշումը եղել է հայցվորի օգտին, սակայն համաձայն չլինելով վերաքննիչ դատարանի հիմնավորումների հետ, ԻՊԱՍ իրավաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ հետամուտ լինելով սույն գործով բարձրացված ռազմավարական նշանակության հարցերին։ Մասնավորապես, ԻՊԱՍ-ի կողմից Վճռաբեկ դատարանի առջեւ բարձրացվել են հետևյալ հարցերը՝
-Արդյո՞ք ՀՀ վարչական դատարանի կողմից գործադիր մարմնի հովանու ներքո գտնվող մարմինների կամ գործադիր մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ իրականացնող մարմինների գործողությունների, անգործության իրավաչափության գնահատման բացառումը չի զրկում անձին դատարանի հասանելիության իրավունքից՝ հատկապես զրկված լինելու պաշտպանության արդյունավետ միջոցներից,
-Արդյո՞ք հանրային իշխանական լիազորություն ունեցող մարմնի կողմից ընդունված հրամանի հիման վրա և շրջանակներում մասնավոր ընկերության կողմից այդ հրամանով սահմանված գործառույթի կատարումը չի խաթարում մասնավոր մարմնի գործառութային անկախությունն ու հրամանով սահմանված գործառույթների մասով և բացառապես դրանց իրականացման ժամանակ վերջինիս բերում հանրային իրավահարաբերությունների դաշտ:
-Արդյո՞ք վերոնշյալ հարցի վերաբերյալ վարչական դատարանի կողմից նույն փաստական հանգամանքներով գործի ընդդատության ու վարչական դատարանում քննության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունը չի հանգեցնում իրավական որոշակիության սկզբունքի խախտման:


