շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
COVID-19. աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 700 միլիոնին

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 700 միլիոնին

 Աշխարհի 229 երկրներում և տարածքներում կորոնավիրուսի համավարակի բռնկումից մինչ օրս հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 680 690 503-ի: Հիվանդությունն աշխարհում 6 805 280 մարդու կյանք է խլել: Նման տվյալներ է հրապարակել Worldometer կայքը, որը ներկայացնում է COVID-19-ի տարածման վիճակագրական տվյալները:

Ինչպես հիվանդության հաստատված դեպքերի, այնպես էլ վիրուսից մահվան դեպքերի թվով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Միացյալ Նահանգները: Երկրում 2020 թ.-ից մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 105 միլիոն դեպք, որոնցից ավելի քան 1 միլիոնը՝ մահվան ելքով:

Հիվանդության հաստատված դեպքերի թվով երկրորդ հորիզոնականում է Հնդկաստանը, որտեղ COVID-19 է հաստատվել 44,5 միլիոնից ավելի մարդու մոտ: Կես միլիոնից ավելի մարդ մահացել է կորոնավիրուսից:

Հիվանդության դեպքերի թվով երրորդ հորիզոնականում է Ֆրանսիան՝ գրեթե 40 միլիոն հաստատված դեպքով: Այստեղ վիրուսից մահացել է 165 հազար մարդ:

Կորոնավիրուսով հիվանդացածների թվով չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Գերմանիան (38 միլիոնից ավելի դեպք) և Բրազիլիան (ավելի էան 37 միլիոն դեպք): Ի դեպ, մահվան դեպքերի թվով Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:  Բրազիլիայում կորոնավիրուսը գրեթե 700 հազար մարդու կյանք է խլել:

Ռուսաստանում կորոնավիրուսի մինչ օրս հաստատված դեպքերի թիվը 22 միլիոնից ավելի է, որոնցից շուրջ 396 հազարը՝ մահվան ելքով: Ի դեպ, ըստ Interfax գործակալության՝ վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 11 հազար մարդու մոտ՝ նախորդ օրվա համեմատությամբ նվազելով 2396-ով: Հոսպիտալացված հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 615-ով կամ 26,8%-ով:

 

Հայաստանի հարևան երկրներից Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 7,5 միլիոնը, որոնցից շուրջ 144 հազարը՝ մահվան ելքով: Վրաստանում COVID-19 է հաստատվել 1,8 միլիոն մարդու մոտ, որոնցից գրեթե 17 հազարը մահացել է հիվանդությունից: Թուրքիայում մինչ օրս COVID-19 է հայտնաբերվել 17 միլիոնից ավելի մարդու մոտ, որոնցից 101 հազարը մահացել է: Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 828 հազար դեպք, որոնցից 10 հազարը՝ մահվան ելքով:

Ըստ Our World in Data կայքի տվյալների՝ աշխարհի բնակչության 69,7 %-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Ընդհանուր առմամբ, ներարկվել է 13,32 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ:

Իսկ Հայաստանում պատկերը հետևյալն է՝ 2020 թ.-ի մարտին կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր COVID-19 է հաստատվել է 446 819 մարդու մոտ: Մահվան ելքով դեպքերի թիվը 8721 է: ՀՀ առողջապահության նախարարության վերջին հրապարակած տեղեկագրի համաձայն՝ պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է 2 285 330: Ամբողջական պատվաստված է 1 033 268 մարդ: Իսկ պաստվաստանյութի բուստերային դեղաչափ է ստացել 87 336 մարդ:

  • Կիսվել: