երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելու որևէ պատճառ․ ՏԿԵՆ փոխնախարար

Չկա Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելու որևէ պատճառ․ ՏԿԵՆ փոխնախարար

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Չեռնոբիլի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում կոչ է անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար:

Հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում հնացած տեխնոլոգիայի օգտագործումը և անվտանգության կանոնները պահպանելը բնապահպանական լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս համատեքստում Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված ռիսկերը պետք է ուշադիր դիտարկվեն միջազգային հանրության կողմից:

Հնացած տեխնոլոգիան և տեղակայումը Մեծամորը դարձնում են աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ տարբեր միջազգային կազմակերպություններ նախազգուշացնում էին այս օբյեկտի մասին՝ այն անվանելով «սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար», Հայաստանը դեռ շարունակում է շահագործել այն, չնայած Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը սպառվել է»։

Այս հայտարարության մասին Armenia Today-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարի ԺՊ Հակոբ Վարդանյանի հետ։ Նա ասաց, որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է միջազգային բոլոր նորմերի համաձայն, կատարվում են վերակառուցման ու արդիականացման բոլոր աշխատանքները։

Փոխնախարարը նշեց, որ այս տարի ներդրվելու են աշխարհի առաջավոր տեխնոլոգիաներով անվտանգության համակարգեր, և չկա մեծամորի աշխատանքը կանգնեցնելու որևէ պատճառ։ «Մեծամորի ատոմակայանի նույն բլոկներից կա նաև Ռուսաստանի Դաշնության Կոլա, Նովիյ Վորոնեժ քաղաքներում, որոնք ավելի շուտ են շահագործման հանձնվել, այժմ էլ աշխատում են, երկրորդ անգամ կյանքի ժամկետի երկարացումները կատարված են և դեռևս 15-20 տարի աշխատելու են»,- ասաց փոխնախարարի ԺՊ Վարդանյանը։

Վերջինս նշեց նաև, որ մենք այդ առումով որևէ նորմ չենք խախտել, իսկ համեմատությունը Չեռնոբիլի հետ անտեղի է, քանի որ այնտեղ բոլորովին այլ ռեակտոր էր աշխատում։ «Հայաստանում Ջրային երկկոնտուրանի ռեակտոր (ВВЭР) է, իսկ Չեռնոբիլում՝ Մեծ հզորության ռեակտոր (РБМК), որի անվտանգությունն այնքան հուսալի չէր, որքան Մեծամորի ատոմակայանինն է»,- ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-20 տեղի ունեցած Արևելյան գործընկերության Եվրանեսթի ԽՎ-ի լիագումար առցանց նիստի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են սովետական ատոմակայանների հարցը՝ բնականաբար նկատի ունենալով հայկական ատոմակայանը, բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, նրանց այդ առաջարկությունը՝ այդ ատոմակայանների հարցում ավելի ուշադիր լինելու, փակելու մասին, տապալվեցին էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: