Մեր մտահոգության առանցքում են գտնվում Իրանում ու Իսրայելում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, համայնքային կառույցներն ու ազգային, հոգևոր-մշակությային ժառանգությունը․ Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է հարևան և բարեկամ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին․
«Բոլորս մտահոգություններով համակված հետևում ենք Իրան-Իսրայել հակամարտության մեծ ծավալներ ստացած ռազմական նոր դրսևորումներին և զարգացումներին:
Ի լրումն այն հանգամանքի, որ այս հակամարտությունը հղի է տարածաշրջանի կայունությանը սպառնացող լրջագույն վտանգներով՝ ներառյալ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, մեր մտահոգության առանցքում են գտնվում նշված երկրներում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, համայնքային կառույցներն ու ազգային, հոգևոր-մշակությային ժառանգությունը:
Տեղեկացնում եմ, որ հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Երուսաղեմ՝ երկար տարիների հոգևոր եղբորս Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը, սերը և աղոթները այս դժվարին և փորձության ժամին մեր քույրերի և եղբայրների ապահովության և անվտանգության համար:
Թող բարին Աստված իմաստություն պարգևի և շուտափույթ խաղաղություն հաստատի մեր տարածաշրջանում»: