ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարական կազմը դեմ է Իրանի դեմ լայնածավալ պատերազմին. քաղաքագետ
ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարական կազմը դեմ է Իրանի դեմ լայնածավալ պատերազմին: Այս մասին գրել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը․
«Մի քանի հավելյալ դիտարկում երեկվա հարցազրույցներիս հետքերով։ Միշտ նախնական գնահատականներում ինչ-որ բաներ թերի կամ սխալ են լինում, որովհետև էդ տեսակ իրադրությունները բավականին դինամիկ են, որովհետև անընդհատ նոր ինֆորմացիա է ի հայտ գալիս, որը ստիպում է վերանայել որոշ գնահատականներ, և վեջապես որովհետև սկզբնական շոկը միշտ ստիպում է կենտրոնանալ տակտիկական պատկերի վրա ու խանգարում տեսնել ստրատեգիական պատկերը։
Եվ այսպես ինչ կասեի կամ չէի ասի այսօր եթե երեկվա հարցազրույցներն այսօր տայի։
1. Զուտ ինֆորմացիոն առումով սխալ էր իմ այն հայտարարությունը, թե Իսրայելին դատապարտել են նաև եվրոպական երկրների կառավարությունները։ Ինչպես դասականը կասեր` կսխալեի իմ լավատեսության մեջ։ Չգիտեմ որտեղ էի էդ ինֆորմացիան տեսել ու հետամուտ չէի եղել մանրամասներին։ Պարզվում է գերմանացիք ինչ-որ հայտարարություն են արել, որ դե Իսրայելը Միջուկային զենքի պայմանագիրը չի խախտում, որովհետև էդ պայմանագիրը չի ստորագրել, իսկ Իրանը խախտում է, հետևաբար արդարացված է Իսրայելի օպերացիան։ Նախ եթե նույնիսկ դա ճիշտ է, դա երեսպաշտության ու մարդկանց ինտելեկտը վիրավորելու հերթական դրսևորումն է, որն արդեն ավանդական է դարձել եվրոպացիների համար։ Երկրորդ, Իրանը չի խախտում պայմանագիրը։ Դրա համար, որքան հասկանում եմ հիմք է ծառայել IAEA-ղեկավարի ինչ-որ հայտարարություն, որը խիստ կասկածելի ու վերջերս բացահայտված կապեր ունի Իսրայելի հետ (Տես հղումը մեկնաբանությունների բաժմում)։ Միայն գերմանացիները չէին իրենց իրական դեմքը ցույց տվել։ Դա կանխատեսելիորեն արել էր նաև Մակրոնը, որի արձանը պետք է դնել Լուվրի էտալոնների սրահում որպես երեսպաշտության խորհրդանիշ։ Անգլիացիների մասին էլ ինչքան քիչ բան ասեմ այդ առումով, էնքան անգլիացիների օգուտն է։
2. Չափազանցված էր նաև բավականին երկար ժամանակ ինձ մոտ եղած տպավորությունը, որ շատ լուրջ տարաձայնություններ կային Թրամփի ադմինիստրացիայի ու Նեթանյահուի կառավարության միջև։ Պարզվում է դրանք այնքան խորը չէին, որքան ինձ պատկերանում էր բաց ինֆորմացիայի հիման վրա ու տարաձայնությունների մասին տպավորությունը գոնե մասամբ միտումնավոր էր ստեղծված։ Պարզվում է նաև, որ ԱՄՆ-ը շատ ավելի գործուն մասնակցություն ունի ռազմական օպերացիային, քան ես կարծում էի։ Այդուհանդերձ, ես տակավին այն կարծիքին եմ, որ ԱՄՆ-ի վերնախավում որոշակի տարաձայնություններ կան և որ այդ վերնախավի մի կարևոր մաս, հատկապես զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմը դեմ է Իրանի դեմ լայնածավալ պատերազմին։ Այսինքն, նրանք կարծես կոմպրոմիսի են գնացել ու սահմանափակ օպերացիայի կոնտեքստում օգնում են Իսրայելին, բայց Իրաքի մոդելով պատերազմն ու օկուպացիան նրանց համար շարունակում են մնալ խիստ անցանկալի հեռանկարներ։
3. Իսկ հիմա օպերացիայի ցնցող հաջողությունների մասին։ Կասկած չկա, որ շատ տաղանդավոր մարդկանց կազմակերպած օպերացիա էր սա ու որ օպերացիան լուրջ հարված էր ոչ միայն Իրանի ռազմական կարողություններին, այլ նրանց հեղինակությանը։ Բայց ինչպես սովորաբար տեղի է ունենում նման դեպքերում, մի օպերացիայից կամ մի տակտիկական հաջողությունից մարդիկ շատ մեծ ստրատեգիական հետևություններ են անում, չնայած միշտ չի, որ տակտիկական հաջողությունները ստրատեգիական հաջողություններ են երաշխավորում։ Իրականում, դրանք երբեմն կարող են ստրատեգիական ձախողման պատճառ դառնալ և դա կարող է այս դեպքում նունպես վերջնարդյունքը լինել։ Մասնավորապես, ես պատկերացնում եմ երկու արդյունք, որ կարելի կլիներ դիտարկել որպես ստրատեգիական հաջողություն Իսրայելի համար. Իրանի իսլամական ռեժիմի տապալում և Իրանի միջուկային ենթակառուցվածքի ոչնչացում։ Եթե ես այսօր խաղադրույք դնելու լինեի այդ երկու արդյունքի վրա, ես դրանց դեմ կդնեի խաղադրույքը։ Իրականում, ոչ միայն չեն ոչնչացրել Իրանի միջուկային ենթակառուցվածքը, եթե նույնիսկ ինչ-որ վնաս հասցրել են դրան, այս գործողությունն ավելի հավանական է դարձրել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի ռազմականացումը։ Ըստ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարակի, այդ ենթակառուցվածքը հնարավոր էլ չի ոչնչացնել (ես կարծում եմ հնարավոր է, բայց միայն միջուկային հարվածի միջոցով)։ Ոչ միայն այս գործողությունը չի թուլացրել իսլամական ռեժիմի դիրքերը, այդ դիրքերն ավելի են ամրապնդվել։ Հետևաբար, Իսրայելի հաջողության մասին հիացական բացականչությունների դեցիբելները կարելի է մի փոքր իջեցնել։
4. Էսկալացիոն գերակայության խնդիրը։ Ես երեկվա հարցազրույցներից մեկում հայտարարեցի, որ Իսրայելը թերևս այս հարցում առավելություն ունի, որովհետև եթե շարունակվի էսկալացիան, այդ պարույրի վերջին օղակում, Իսրայելը կարող է միջուկային հարվածով սպառնալ։ Բայց այստեղ մի երկու խնդիր կա։ Նախ արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Իրանը կարողությունն ունի կարճ ժամանակում ինչ-որ միջուկային պայթուցիկ սարք ստեղծելու, եթե ոչ ամբողջական ու բարձր հուսալիություն ունեցող մարտագլխիկ, որը կարելի կլիներ տեղադրել բալիստիկ հրթիռի վրա։ Սա կարող է զսպման գործոն դառնալ։ Երկրորդ, Իրանը կարող է սպառնալ տարածաշրջանի ամբողջ նավթային ենթակառուցվածքի ոչնչացմամբ, ինչի հետևաքով Արևմտյան երկրների տնտեսությունները կարող են աղետալի վիճակում հայտնվել։ Դա իր հերթին կարող է լուրջ սպառնալիք դառնալ Իսրայելի համար, որովհետև այդ երկրների վերնախավերի համար գնալով դժվար է դառնում Իսրայելին անվերապահ աջակցություն տրամադրելը, թե՛ արտաքին, թե՛ ներքին դիմադրության պայմաններում»։