կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ նախարարի տեղակալ

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ նախարարի տեղակալ

Երևանում կայացավ Համաշխարհային բանկի «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի (Country Climate and Development Report – CCDR) պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որն առանձնահատուկ հարթակ էր կլիմայի փոփոխության և կայուն զարգացման օրակարգերի շուրջ համատեղ քննարկումների համար։

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր խթանել պետական-մասնավոր համագործակցությունը, ներկայացնել Հայաստանի կառավարության առաջնահերթությունները՝ ուղղված կայուն և դիմակայուն տնտեսության կառուցմանը, ինչպես նաև համադրման նոր հիմք ստեղծել մասնավոր ներդրումների և դոնոր աջակցության համար։

Համաշխարհային բանկի կողմից մշակված զեկույցը Հայաստանի համար առաջարկում է ռազմավարական ուղենիշներ՝ ուղղված կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելուն՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը։ Այն ընդգծում է էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման անհրաժեշտությունը, բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը, ինչպես նաև պարենային և ջրային անվտանգության բարելավման ուղիները։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում էներգետիկ ոլորտում կանաչ անցման՝ մասնավորապես գազից արևային էներգիայի անցման կարևորությանը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, իր ողջույնի խոսքում, նշել է․ «Կլիմայի փոփոխությունն այսօր ամենամեծ գլոբալ մարտահրավերներից մեկն է։ Հայաստանը վճռական է արձագանքելու դրան՝ համակարգված և շարունակական քայլերով։ CCDR զեկույցը կարևոր հիմք է՝ ոլորտում առկա խոչընդոտների բացահայտման, զարգացման առաջնահերթությունների ձևակերպման և քաղաքականության բարելավման համար։ Մենք հավատում ենք, որ միայն մասնակցային մոտեցման, վարքագծային փոփոխությունների և համատեղ ջանքերի միջոցով կարող ենք հասնել մեր կլիմայական նպատակներին»։

Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի պատրաստակամության համար։

  • Կիսվել: