չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չարենցավանում վարակի տարածման միտումը նվազագույնի է հասցված․ Կոտայքի մարզպետ

Չարենցավանում վարակի տարածման միտումը նվազագույնի է հասցված․ Կոտայքի մարզպետ

Չարենցավան համայնքում ներկայում կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին: Բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտինում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

«Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ»,-նշել է Կոտայքի մարզպետը:

Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով սոցիալական տարբեր նախաձեռնություններ ծրագրեր են իրականացվում համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում:

Կոտայքի մարզպետի խոսքով, սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար:

«Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը», - նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

  • Կիսվել: