երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին պահել են ճաղավանդակով սենյակում, ծաղրել են. գրություն՝ ԱԳ նախարարին

Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին պահել են ճաղավանդակով սենյակում, ծաղրել են. գրություն՝ ԱԳ նախարարին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան այսօր գրություն է ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ»:

Պատգամավորը տեղեկացնում է, որ մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:

«Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելուն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։

Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիներն ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց  ՀՀ-ում գտնվող  Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն՝ քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:

Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.

Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:

Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան կատարվածի առնչությամբ:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:

Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»:

  • Կիսվել: