COP17․ ԿԳՄՍՆ տաղավարում այսօր սպորտի օր է
COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր էր։ Ներկայացվել են առողջ ապրելակերպի խթանման, ֆիզիկական ակտիվության տարածման և մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարերն ու 2027 թվականին սպասվող առաջնությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տաղավար, ծանոթացել ներկայացվող ծրագրերին և զրուցել այցելուների հետ։ Նրան ուղեկցել է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։
Այցելուները ծանոթացել են Հայաստանում անցկացված խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման փորձին, այդ թվում՝ սեպտեմբերին կայացած «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին, որին մասնակցել են 10 երկրների 16 թիմեր։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում սպասվող խոշոր մարզական իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև այլ միջազգային մրցաշարերի։
Տաղավարում ներկայացվել է նաև սպորտհոլ մարզաձևը։ Այցելուները փորձել են հոլ պտտեցնել, իսկ շատերը նաև գրանցվել են՝ հետագայում թեստավորման մասնակցելու նպատակով։ Նոյեմբերից կգործեն մարզաձևի առաջին ակումբները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև «Կանաչ գոտի» այցելած դպրոցականներին, որոնք պատմել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին իրենց մասնակցության փորձի և գրանցած հաջողությունների մասին։ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները պատմել են, որ նախորդ տարի վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարում երրորդ տեղն են զբաղեցրել, իսկ ստացած պարգևատրումն ուղղել են դպրոցում մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր գույքի ձեռքբերմանը։
COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ԿԳՄՍՆ տաղավարը գործում է հոկտեմբերի 19-30-ը։ Սպորտին նվիրված հաջորդ օրը կանցկացվի հոկտեմբերի 27-ին:






