ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը նորվեգերենից կթարգմանվեն անգլերեն

Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը նորվեգերենից կթարգմանվեն անգլերեն

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը կօժանդակի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը նորվեգերենից անգլերեն թարգմանելուն: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

՛՛Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի (համատեղությամբ նաև Հայաստանի) դեսպանատան փոքր դրամաշնորհներ 2024 ծրագրի շրջանակներում կֆինանսավորի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը և նամակները (շուրջ 1000, հիմնականում ձեռագիր էջ) նորվեգերենից անգլերեն թարգմանությունը և հրատարակությունը:

Բոլորովին վերջերս ՀՑԹԻ-ն նորվեգական կողմին տեղեկացրել էր ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահպանվող Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի անձնական արխիվի առկայության մասին, որը տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանին էր հանձնել նրա թոռը Յուսի Բյոռնը, և առաջարկել համագործակցել արխիվում առկա նորվեգերեն հուշերը անգլերեն թարգմանելու և հրատարակելու հարցում:

Ընդառաջելով առաջարկին Նորվեգիայի ԱԳ նախարարությունը համաձայնեց օժանդակել ծրագրին:

Բոդիլ Բյոռնի հուշերը ոչ միայն սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար, այլև հայ և նորվեգացի ժողովուրդների դարավոր բարեկամության յուրօրինակ ցուցիչ են:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում նորվեգական կողմին արագ արձագանքի և օժանդակության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: