ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացահայտվել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք կօգտագործվեն սննդամթերքի կենսապահածոյացման համար

Բացահայտվել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք կօգտագործվեն սննդամթերքի կենսապահածոյացման համար

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են, որ կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) շտամները և դրանց աճեցումից հետո ստացված հակամանրէային պատրաստուկները՝ բակտերիոցինները, ճնշում են կաթնամթերք փչացնող միկրոօրգանիզմների աճը տարբեր արդյունավետությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հակամանրէային ակտիվությամբ բնական նոր միջոցների ստացումը գերխնդիր է ժամանակակից բժշկության համար: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել է տարբեր կաթնամթերքներից և մսամթերքներից սննդային թունավորումների հաճախականությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալների՝ վարակների հիմնական հարուցիչները Escherichia coli և Staphylococcus aureus մանրէներն են:

«Վերջին տասնամյակի ընթացքում մեր կողմից իրականացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր էնդեմիկ շտամների մեկուսացում և հետազոտում: Ուսումնասիրվել է կաթնաթթվային բակտերիաների ավելի քան 20 նույնականացված շտամների և դրանց բակտերիոցինների հակամանրէային ակտիվության տիրույթը՝ սննդի արդյունաբերության մեջ որպես բնական կենսապահածոյացման միջոցներ կիրառելու նպատակով: Պարզել ենք, որ առավել բարձր արգելակիչ ակտիվություն ցուցաբերել են L.helveticus KG5', L.acidophilus 1991, L.rhamnosus 20-12, Ent. faecium KE 5 և Lactococcus lactis subsp. Diacetylactis շտամները»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Կարապետյանը:

Ներկայացված հետազոտության արդյունքներն ունեն կիրառական նշանակություն սննդարդյունաբերության մեջ ներդրման համար: Հակամանրէային ակտիվությամբ օժտված ԿԹԲ-ների շտամների հիման վրա կարող են մշակվել նոր` բազմակի շտամներ պարունակող տեղական արտադրության մերաններ, որոնք մրցունակ կլինեն կաթնամթերքի արտադրություններում օգտագործվող ներկրվող առևտրային մերանների հետ: Կաթնաթթվային մանրէների կողմից սինթեզվող հակամանրէային նյութերը կարող են օգտագործվել որպես բնական կոնսերվանտներ՝ սննդամթերքների կենսապահածոյաման և դրանց պիտանելիության ժամկետների երկարացման համար:

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ բազային ֆինանսավորմամբ իրականացված 2020 թ. «Սննդամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդի մշակում» և 2021 թ. «Կաթնաշոռի որոշ տեսակների երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմաների շրջանակներում, ինչպես նաև ԳԿՀԱՀ (ANSEF) ՀՕՖ N 20AN:NS-biotech-2244՝ «Կաթնաթթվային բակտերիաների կիրառումը` կաթնամթերքի կենսապահպանման (բիոկոնսերվացիայի) համար» դրամաշնորհի շրջանակներում:

Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում՝ Karapetyan K., Tkhruni F.,Chitchyan К.,BalabekyanTs., Khachatryan T.,Verdyan A. Using of Lactic Acid Bacteria for Biopreservation of Dairy Products. International Conference on Biotechnology and Health (ICBH). October 29–31, 2020, Yerevan, Armenia. P. 84-85.

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտնականներ:

  • Կիսվել: