կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բացահայտվել է 12 միլիոն դրամից ավելի ոսկեղենի կողոպուտը. մեկ անձ ձերբակալվել է

Բացահայտվել է 12 միլիոն դրամից ավելի ոսկեղենի կողոպուտը. մեկ անձ ձերբակալվել է

Փետրվարի 26-ին՝ ժամը 18:35-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայից գողացել են ոսկյա զարդեր: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Ոչ թե գաղտնի, այլ բացահայտ հափշտակություն էր: Կողոպուտը տեղի էր ունեցել ժամը 18:20-ին: Ոսկերչական խանութը փակելուց հետո տերը ոսկեղենը տեղավորել էր մեքենայի հետևի նստելատեղին, ու մինչ կքայլեր ու կնստեր «ԲՄՎ»-ն, լսել էր մի կնոջ աղաղակ, որ ոսկեղենը տարան: Տարեց վարորդը շրջվել ու նկատել էր, որ ոսկեղենն այլևս չկա: Նկատել էր նաև բակերի ուղղությամբ անհետացող երիտասարդի թիկունքը:

Կորուստը մեծ էր՝ ավելի քան 12 միլիոն դրամի: Առաջին հարցերից մեկը, որ հետաքրքրեց իրավապահներին, հետևյալն էր. մի՞շտ է խանութպանը ոսկեղենը նույն կերպ տեղափոխել: Պատասխանը սպասելի էր` ամեն օր:
Թեև կատարվածը կողոպուտ էր, սակայն կողոպտողի վերաբերյալ որևէ կողմնորոշիչ բան պարզել չհաջողվեց: Ամեն ինչ կատարվել էր արագ ու անսպասելի, հասկանալի էր, որ հանպատրաստից կատարված կողոպուտ չէր:
Հարուցվեց քրեական գործ, Մասիսի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և շուտով ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ՝ «Օպել» մակնիշի իր մեքենայով:

Փետրվարի 28-ին նա հայտնաբերվել է ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մարմարաշենցին  հետևել էր խանութպանին և համոզվել, որ նա ամեն անգամ իր հետ տեղափոխում է ոսկեղենը: Ծրագրել էր իր քայլերը, նաև նշագծել անվտանգ փախուստի ճանապարհը՝ տեսահսկող սարքերից զուրկ փողոցներով ու բակերով: Մեքենան էլ կայանել էր խուլ մի տեղ, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Մարմարաշենցի երիտասարդը ձերբակալվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: