երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն։
 
Նախարարությունից հայտնում են՝ օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։
 
Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է տարածքով, ծանոթացել գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։
 
«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։
 
Քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն  առավել սերտ գործակցել՝ ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։

  • Կիսվել: