հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ո՞ր դեպքերում ոստիկանության ծառայողներն իրավունք չեն ունենա մասնակցել ատեստացիային

Ո՞ր դեպքերում ոստիկանության ծառայողներն իրավունք չեն ունենա մասնակցել ատեստացիային

Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգ է սահմանվել: Ատեստացիայի սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանապետի տեղակալները, թե՛ ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 1-ի նիստի ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ըստ նրա՝ ատեստացիան իրականացվելու է երեք փուլով. առաջին փուլում ստուգվելու են մասնակցի ընդհանուր գիտելիքները, երկրորդ փուլում՝ մարտական պատրաստությունը, երրորդում՝ բուն մասնագիտական կարողությունները:

Կան նաև չափորոշիչներ, որոնց համաձայն պետք է որոշվի՝ անձն իրավունք ունի՞ մասնակցելու ատեստավորմանը, թե՞ ոչ:

«Առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործմանը: Նախօրոք՝ մինչև ատեստացիան, կունենանք լիզենցավորված բժշկական կազմակերպության կողմից իրականացված փորձաքննություն, որի արդյունքների հիման վրա, եթե դրական լինի, անձին չի թույլատրվի մասնակցել տվյալ ատեստավորմանը:

Եվ երկրորդ կարևոր բաղադրիչը, որը ֆինանսական դիսցիպլինային է վերաբերում, ըստ էության, դա այն է (քանի որ սա կարող է ռիսկեր գեներացնել կոռուպցիոն տեսանկյունից), որ եթե մեր ծառայողն ունի 20 միլիոն և ավելի ՀՀ դրամի կամ դրան համարժեք տրամադրված վարկ և այդ վարկի շրջանակներում 91 օր և ավելի ունի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա այս դեպքում ևս անձին չի թույլատրվի տվյալ ատեստավորմանը մասնակցել»,- ասաց Արփինե Սարգսյանը, ապա նաև տեղեկացրեց, որ գործընթացը նախատեսվում է մեկնարկել այս տարվա հուլիսին:

  • Կիսվել: