ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքները

Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքները

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայումս ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամի փողոց ընկած հատվածում:

«Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են: Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:

  • Կիսվել: