երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ

ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը:

Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:

  • Կիսվել: