հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. Տերտերյան

Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. Տերտերյան

Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. ՔՊ-ից պատգամավոր Վահե Ղալումյանը սրան բացասական է վերաբերում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ դա լավագույն լուծումը չի համարում:

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Վահե Ղալումյանն ասաց. «Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերում: Իմ կարծիքով, մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»:

Նա համոզված է, որ համայնքների նախաձեռնությամբ առաջիկայում անդրադառնալու են այդ խնդրին:  

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ, խոսելով վարչատարածքային փոփոխությունների մասին, նշեց, որ 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չեն անդրադարձել:

«Սա հատուկ խնդիր է: Եթե խոսքը համայնքների կառավարման մասին է, ապա անքննարկելի է, որ համայնքների կառավարման համար կառուցվածքը պետք է ունենա կառավարման իր տրամաբանությունը: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների մշակութային կամ որևէ այլ տիպի մոտիվացիաներն ավելի ուշադիր տեսնելու մասին է, ինչը անկասկած անքննարկելի խնդիր է, ապա դրա լուծման տարբեր և ավելի գործնական մեխանիզմներ կան: Եվ այս համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը, ըստ երևույթին, ամենալավ լուծումը չէ»,- ասաց Տերտերյանը:

Ըստ նրա՝ այդ լուծումները կարող են լինել տարբեր՝ սկսած դիֆերենցված տեղական ինքնակառավարման համակարգ ներդնելուց, վերջացրած ենթաօրենսդրական կամ այլ տիպի կարգավորումներով:

  • Կիսվել: