Այստեղ Սյունիքի անվտանգության, Հայաստանի ողնաշարը պահելու հարցն է. Մարուքյանը՝ Ագարակից
Սյունիքի մարզում մեր հանդիպումները շատ հետաքրքիր են անցնում: Մարդիկ շատ մտահոգություններ ունեն: Շատ մտահոգություններ փարատել ենք մեր հանդիպումների ժամանակ: Այս մասին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները լուծելի են, բայց կարեւոր է լինել իրավիճակին ադեկվատ եւ սթափ գնահատող: ՛՛Այստեղ քաղաքական հարց չկա, այստեղ Սյունիքի անվտանգության, Հայաստանի ողնաշարը պահելու, արտագաղթ թույլ չտալու, ընդհակառակը՝ ներհոսք ապահովելու հարցեր են՛՛,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հավելեց նաեւ, որ իրենց ներկայացրած բոլոր առաջարկների վերաբերյալ ունեն դրական արձագանքներ ժողովրդի կողմից: ՛՛Մարդիկ ուշադիր լսում են, գիտեն՝ ով ինչ է առաջարկել, եւ ով ինչի դեմ է պայքարում: Այս առումով ուզում եմ ասել, որ զարմացած եմ, որ այսքան իրազեկ բնակչություն ունենք նաեւ Երեւանից դուրս: Որքան էլ ՛՛fake news՛՛-երով մարդկանց փորձում են տարբեր ձեւերով շեղել, բնավ չի ստացվել՛՛,-հավաստիացրեց նա: