կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այսօր վերադարձած գերիներից 26–ը Շիրակից են. մարզպետ

Այսօր վերադարձած գերիներից 26–ը Շիրակից են. մարզպետ

Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր այստեղ՝ դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:

Նա նշեց. «Այն, որ կգա այս օրը, դրանում կասկած չենք ունեցել: Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, Խծաբերդում գերեվարված մեր տղաներն են»:

Խոսելով այն գերիների մասին, որոնց գերի լինելու փաստը Ադրբեջանը չի հաստատել, մարզպետն ասաց. «Լիահույս ենք, որ նրանց վերադարձի օրն էլ կգա»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր վարչապետը եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

 

  • Կիսվել: