շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ. Նարեկ Զեյնալյան

Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ. Նարեկ Զեյնալյան

Նախագիծը դեռ ԱԺ չի եկել և մանրամասներին, հիմնավորումներին ծանոթ չեմ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության հայտարարությանը, որով օրենսդրական փաթեթ է մշակվում՝ արտակարգ դրության պայմաններում վերցնել լիցենզավորված մասնավոր բուժհաստատությունների կառավարումը։

Հարցին՝ իրենց հետ չե՞ն խորհրդակցել, պատգամավորը նշեց, որ  այն մշակել է Առողջապահության նախարարությունը և դեռևս քննարկումներ չեն եղել։

Դիտարկմանը, թե որքանով է նպատակահարմար կորոնավիրուսային այս պայմաններում նման հարց բերել օրակարգ, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ նախագիծը միտված է այս իրավիճակը առավել կառավարելի դարձնելու համար։

«Կարծում եմ՝ այսօրվա օրենքների շրջանակներում լիարժեք հնարավոր է իրականացնել առողջապահական համակարգի ամբողջական կառավարում։ Այդ նախագիծը միտված է այս իրավիճակը առավել կառավարելի դարձնելու համար։ Նպատակը պարզ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում առավել կառավարելի դարձնել առողջապահական համակարգը և մեկ կենտրոնից կառավարվել»,- նշեց նա՝ հավելելով, որ դա կախված է նաև մեխանիզմներից։  

Լրագրողները նաև հարցրեցին, որ ԲՀԿ-ն ցանկանում է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի կորոնավիրուսի հետ կապված գործընթացն ու բոլոր խնդիրները բարձրաձայնվեն, արդյոք ինքը կո՞ղմ է, որ այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ինչին ի պատասխան Նարեկ Զեյնալյանն ասաց.

«Կարծում եմ, որ այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու։ Այս պահին գործելու ժամանակն է, երբ այս ամենն ավարտվի և եթե նպատակահարմար գտնենք, ապա մենք՝ «Իմ քայլը» խմբակցությունն էլ կարող է ստեղծել»։

Դիտարկմանը, թե եթե այժմ հանձնաժողովը ստեղծվի, աշխատանքները սեպտեմբերին են մեկնարկելու, պատգամավորն արձագանքեց՝ հայտնի չէ՝ սեպտեմբերին համաճարակային վիճակն ինչպիսին կլինի։

Հարցին՝ արդյոք Հայաստանը հասե՞լ է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի պիկին, թե՞ ոչ, պատգամավորը նշեց, որ վերլուծելով թվերը՝ տեսնում են, որ թվերն աճում են.

«Պիկի մասին վաղ է խոսել, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումը, թեստավորումն ու մեկուսացումը։ Քանի դեռ թեստավորումների թիվն ավելանալուն զուգահեռ հիվանդության դեպքերն էլ են ավելանում, նշանակում է՝ պետք է շարունակել թեստերի քանակն ավելացնել, որպեսզի չլինեն անձինք, որոնք վարակված են և հայտնաբերված չեն»։

Դիտարկմանը՝ ինչի՞ արդյունք է օրական 700-ից ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք ունենալը, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Սա շատ թեստեր անելու արդյունք է։ Եթե արվի 3 հազար թեստ, կլինի 1000 դրական։ Սրանից պետք չէ վախենալ, սա դրական տենդենց է, որովհետև նշանակում է, որ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին։ Այստեղ ցածր թվերը դրականի մասին չեն խոսում, դա խոսում է այն մասին, որ ունենք վարակակիրներ, որոնց չենք հայտնաբերել։ Ինչքան ես տեղեկացա, արդեն կան նաև հայկական արտադրության թեստեր»։

Անդրադառնալով վարակված պատգամավորներին, մասնավորապես, պատասխանելով հարցին, որ շուրջ մեկ տասնյակից ավելի պատգամավորների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Տասնյակից ավելիի մասին ես տեղեկություն չունեմ, 5-ի մասին գիտեմ»։

Նա նաև ասաց, որ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում չի թեստավորվել։

  • Կիսվել: