հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտոբուսի վրա կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Ավտոբուսի վրա կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Օրերս լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե հերթական անգամ պնևմատիկ զենքով կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ նախարարությունում ահազանգ է ստացվել Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

«Նշված վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը, զննվել է դեպքի վայրը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Ըստ այս պահի տվյալների՝ կարող եմ ասել, որ չի հայտնաբերվել կրակված գնդակ, ուսումնասիրությամբ կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել»,- նշեց նա:

Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ իրավապահները շարունակում են միջոցառումները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: