շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավագանին հաստատեց Երևանի զարգացման ծրագիրը

Ավագանին հաստատեց Երևանի զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2021 թվականի ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արամ Հովսեփյանը զեկուցեց, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները:

Հովսեփյանն ասաց, որ ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։

՛՛Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ ՛՛Վիճակի բնութագիր՛՛, ՛՛Հիմնախնդիրներ՛՛ և ՛՛2021 թվականի նախատեսվող աշխատանքներ՛՛: 2021 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի գերակայությունները, ինչպես նաև առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները՛՛։

Նա հավելեց, որ ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, և ծրագրի նպատակն է նաև ապահովել համակարգային բարեփոխումների իրականացման մեկնարկը:

Ինչպես նշեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը՝ 2021 թ. Երևանի զարգացման ծրագրում Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի կատարելագործումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:

Հովսեփյանը հավելեց նաև, որ ծրագիրը նպատակ ունի նախանշել և լուծել մայրաքաղաքի աղբահանության, կենցաղային կոշտ թափոնների կառավարման հիմնախնդիրը: Ծրագրում կարևորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացումը:

Նրա խոսքով՝ գերակա ուղղություններից է ապօրինի կառուցապատման բացառումը, հանրային կանաչ տարածքների ավելացումը, նոր հանգստի գոտիների և այգիների ստեղծումը: Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի կարևորագույն ոլորտներից են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը:

Հովսեփյանն ասաց նաև, որ կիրականացվեն հոգածության տարաբնույթ ծրագրեր: Կարևորվում է նաև կրթական որակի բարելավումը: Ծրագրով նախատեսվում է նաև մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի իրականացում:

Նշենք, որ որոշումն ընդունվեց միաձայն՝ 35 կողմ ձայնով:

  • Կիսվել: