Ասել եմ, լավ եմ արել. Միքայել Սրբազանը գնում է ՔԿ
Վարույթը նախաձեռնվել է հունիսի 17-ին, ինձ կարող էին հանգիստ մեկուսի ձերբակալել ամսի 17-ից մինչև 26-ը։ Բայց նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար, ավելի հակված եմ առաջինին, որոշեցին ամսի 27-ին այս մասկի շոուն կազմակերպել, բայց չստացվեց։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով հոգևորականներին՝ այդ թվում Վեհափառին, և քաղաքացիներին՝ նրանց ցուցաբերած վերաբերմունքի համար։
Միքայել Սրբազանը նկատեց, որ իշխանությունները չէին կարող օպերատիվ տվյալներ չունենալ, որ այսօր նախատեսված է Քահանայից ժողով և դժվար թե չիմանային, որ ինքն արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն է. «Շատ լավ գիտեին, բայց որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպել, կազմակերպեցին, չստացվեց։
Հիմա նրանք հասկացել են ու նահանջել, և ավելորդ է երկրորդ անգամ թույլ տալ, որ մտնեն Մայր Աթոռի տարածք և պղծեն։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել, շարունակելու եմ նույն ոգով»,–ասաց Սրբազանը։
Միքայել Սրբազանը խնդրեց հոգևորականներին ու քաղաքացիներին՝ իրեն թույլ տալ ներկայանալ Քննչական կոմիտե։
Դիտարկմանը, որ միայն մեկ տարի հետո են որոշել գործ հարուցել, նա ասաց. «Այդ մասին պիտի գնանք խոսենք, բա գնում ենք խոսելու, չենք լռելու»։
Ինչ վերաբերում է նրան, որ իրեն էլ հնարավոր է՝ կալանավորեն, Միքայել Սրբազանն արձագանքեց. «
Ինձ համար մեկ է։ Մենք այս աշխարհում հոգևորականներս ապրում ենք իբրև աքսորյալ, հիմա բանտում կլինի բանտից դուրս կլինի, ամեն տեղ էլ մեզ համար բանտ է։ Բայց որտե՞ղ է, որ Աստված մոտիկ չէ, ամեն օր Աստված մոտիկ է»։
Քաղաքացիները հայտնեցին, որ համաձայն չեն, որ Սրբազանը գնա Քննչական կոմիտե և շրջապատեցին նրա մեքենան, ապա ուղեկցեցին Միքայել Սրբազանին դեպի Վեհարան։