շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Առողջապահության նախարարությունը մանրամասնում է ՀԱՊԱԿ-ում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի ինքնավնասման դեպքը

Առողջապահության նախարարությունը մանրամասնում է ՀԱՊԱԿ-ում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի ինքնավնասման դեպքը

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։

ՀՀ առողջապահության նախարարությունից տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։

«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։

Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։

Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող պացիենտի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։

Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,-նշում են նախարարությունից։

 

  • Կիսվել: