երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Առողջական լուրջ խնդիրներ ունի»․ բռնության ենթարկված 1-ամյա երեխայի քույրը տեղափոխվել է ՀՕՖ

«Առողջական լուրջ խնդիրներ ունի»․ բռնության ենթարկված 1-ամյա երեխայի քույրը տեղափոխվել է ՀՕՖ

Խորթ մոր կողմից պարբերաբար ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական տղայի 3-ամյա քույրը, որը Արարատի մարզի Դարակերտ գյուղում էր ապրում և տատիկի խնամակալության տակ էր գտնվում, երկու օր առաջ տեղափոխվել է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։

«Շատ տեղեկություն չեմ կարող հայտնել, երեխային նոր ենք ընդունել, բժշկական հետազոտություններ է անցնում, լուրջ առողջական խնդիրներ ունի։ Բռնության հետքեր չկան, մտավոր խնդիրներ նույնպես, բայց ֆիզիկական առողջության խնդիրներ ունի։ Դա կարող է լինել անխնամության հետևանք, կարող է այլ պատճառներ ունենալ, առայժմ չենք կարող ասել»,–նշեց Անտոնյանը։

Հարցին՝ նախնական տեղեկություններով, որքա՞ն ժամանակ փոքրիկը կգտնվի ՀՕՖ–ում, Միրա Անտոնյանը պատասխանեց․

«Դեռ հետազոտությունների փուլում ենք։ Պետք է հասկանանք՝ ինչ վիճակ է, ինչպես է այս պրոցեսները տանում։ Ենթադրում եմ՝ երկարատև գործընթաց է լինելու»։

Միրա Անտոնյանի խոսքով, այս երկու օրվա ընթացքում երեխայի ծնողները չեն այցելել ՀՕՖ, երեխային չեն տեսակցել։

Ավելի վաղ,  հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։

Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել էին, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։

 

  • Կիսվել: