Առողջացումով դուրս գրված պացիենտներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ավելի է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Այս մասին իր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր դեպքերը 20 են, իհարկե թեստերի քանակն է ավելի քիչ՝ 211, բայց կարծում ենք,որ երկվա մեր գնահատականները շարունավում են պահպանվել»,- ասաց Փաշինյանը: Նախորդ օրը վարչապետը լավատեսական գնահատական էր հնչեցրել, որ եթե ամբողջ շաբաթ հնարավոր լինի պահպանել դրական միտումները, երկուշաբթի օրվանից կարելի է մտածել սահմանափակումների մեղմման մասին:
Փաշինյանը նշեց՝ ապրիլի 6-ը, ըստ էության, բացառիկ օր է եղել նրանով, որ առողջացումով դուրս գրված պացիենտներն ավելի շատ են եղել քան նոր ախտորոշումները․ « 20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ»։
Ըստ Փաշինյանի՝ խորհրդակցություն են ունեցել, և թե Առողջապահության նախարարությունը, թե պարետը պահպանում են զգուշավոր լավատեսությունը:
Վարչապետը նաև նշեց, որ թեև այսօր ավելի շատ կենտրոնացած ու զբաղված են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց չենք մոռանում մեր մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի մասին։ «Շնորհավորում եմ, մաղթում եմ երջանկություն, և որ մեր բոլորի ընտանիքները լինեն երջանիկ առողջ բարեկեցիկ։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կհասնենք այս ամենին»,- եզրափակեց նա։



