երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք». ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան

«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք». ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան

Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ավելի վաղ ահազանգել էր ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին, հայտնում է, որ իրեն գործարք են առաջարկել։

«Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակում մի փոքր փոփոխություն կա. ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ  խոշտանգել է,  իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ... Գործարք... Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսին էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ, արի այսքանով սահմանափակվենք»։

Իրոք, սխալվել են։

Հիմա ասեմ ամենակարևորը. հնարավոր չէ անել այդպես մի պատճառով. ինձ գետնին գցած խոշտանգելուց մորս մահվան օրն ինձ մեր են քրֆում։ Ասում եմ՝ ինձ մի քրֆի մեր, մերս մահացած է։ Ինքը  դրանից հետո մորս դագաղն է քրֆում։

Արգիշտի Քյարամյան... Ես գետնին ընկած ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, խնդրում եմ հինգ տարեկան երեխա ունեմ տանը, ասում են՝ էն չաղկալ երեխեն հինգ տարեկան, բերելու ենք աչքիդ դեմը...

Ինքը չի պատկերացնում այդ հայհոյանքով ինչ է ինձ արել։

Բացառվում է  գործարք։

Պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տիգրան Առաքելյանը։

Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ի պատասխան դրա Քննչական Կոմետեի խոսնակ Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ին հայտնել էր. «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։
 
Նշենք, որ Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ։ Նա 2 օր առաջ ձերբակալվել էր դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
 
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը): Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։
 
 
 
 

  • Կիսվել: