երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախցիները մտածում են, որ պիտի իրենց հույսերը կապեն խաղաղապահների հետ. Թևան Պողոսյան

Արցախցիները մտածում են, որ պիտի իրենց հույսերը կապեն խաղաղապահների հետ. Թևան Պողոսյան

Արցախում կա մեծագույն անորոշություն՝ ինչ է լինելու, ինչ ուղղությամբ է զարգանալու: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ ասել, թե սոցիալական խնդիրները լուծված են՝ սխալ ձևակերպում է, պարզապես կա տեղեկատվություն, թե ում ինչ գումար է հասնում:

՛՛Վճարման հետ էլ խնդիրներ կան, ժամանակին կնքվել էին պայմանագրեր՝ տան վարձակալության համար, բայց դրանք էլ չեն փոխանցվում, այնուամենայնիվ, մարդիկ տիրապետում են այդ տեղեկատվությանը, իսկ մնացածի հետ կապված անորոշություն է, ամեն օր կարող է այլ տեղեկատվություն լինել, թե ո՛նց են սահման անցնում, ի՛նչն է հնարավոր, շատ ժամանակ կապի հետ խնդիրներ կան, արցախցիներին հետաքրքրում է՝ Հայաստանն ի՞նչ է մեր մասին մտածում՛՛,-ասաց բանախոսը:

Պողոսյանն ընդգծեց, որ Արցախն անընդհատ շեշտում է միացման գաղափարը, մինչդեռ ՀՀ-ից անորոշ պատասխան են տալիս՝ ՛՛մենք ձեզ հետ ենք՛՛, այլևս ոչինչ. ՛՛Արցախցիներն ասում են՝ հիմա Հայաստանը ձեռքերը լվացե՞լ է մեզանից, և մտածում են, որ պիտի իրենց հույսերը կապեն խաղաղապահների, ռուսների հետ, մարդիկ մի կերպ պիտի ապահովեն իրենց անվտանգությունը՛՛:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձավ նաև ԱՀ ՊԲ-ի փոփոխություններին՝ նշելով, որ դա էլ դեռ հարց է, թե այդ փոփոխությունները բարեփոխումներ են, թե ոչ: ՛՛Տեղի են ունենալու փոփոխություններ, մեծագույն ցավ է առաջացնում, երբ լսում ենք, որ ՀՀ-ից ասում են՝ շատ ուրախ ենք, որ մեր տղաները չեն գնալու Արցախ, չնայած այնտեղ գուցե ավելի հանգիստ ու անվտանգ է, քան, օրինակ, Սյունիքում՛՛:

Ըստ Պողոսյանի՝ մի դրական լուր կա Արցախից. ՛՛Երեկ հաստատվեց տեղեկությունը, որ ԱՀ ԱԺ-ն, առնվազն՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ընդունեց հայտարարություն՝ օկուպացված տարածքների վերաբերյալ, հուսամ՝ դա նոր հայտ կներկայացնի բանակցային գործընթացում: Այնպես չէ, որ տարածքային ամբողջականության հարցը դուրս է եկել օրակարգից, ազգերի ինքնորոշման հարցը կա, ուժի չկիրառման սկզբունքը Ադրբեջանը խախտեց, բանակցային գործընթացի վերսկսման ժամանակ պիտի այդ հարցը բարձրացվի, մենք այդ հարցը ամեն օր պիտի բարձրացնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտն օր առաջ վերսկսի իր միջնորդական առաքելությունը՛՛:

Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանը հանգիստ է վերաբերվում մեր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի այցին Արցախ՝ մտածելով, որ նրա իրավասության շրջանակում լուծվող հարցերն ինչու՞ պիտի իր վրա մնան, մինչդեռ այլ կերպ է արձագանքում, օրինակ, արտաքին գործերի նախարարի՝ Արցախ այցին: ՛՛Մինչև չտեսնենք երկրորդ այցը, չենք իմանա՝ Ադրբեջանը դրե՞լ է այդ արգելքը, հայկական կողմն էլ կատարու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ Ադրբեջա՞նը պիտի թույլ տա մեր ԱԳՆ-ի այցը Արցախ, թե՞ ոչ՛՛,-ասաց նա:

Բանախոսն անդրադարձավ նաև գերիների վերադարձի հարցին. ՛՛Կա՛մ մենք պետք է կարողանանք ձևավորել նույն քանակի գերիներ, որ սկսի ՛՛բոլորը բոլորի դիմաց՛՛ ֆորմուլան աշխատել, կա՛մ պիտի կարողանանք այնպիսի միջազգային սանկցիաներ ձևավորել, որ եթե գերիներին չվերադարձնենք, այդ սանկցիաները գործեն, ու Ադրբեջանը ճնշումների տակ գերիներին վերադարձնի: Մենք պետք է կարողանանք ձևավորել մեր ճնշման գործիքակազմը:

Մի կողմից ասում են՝ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, բայց եթե կտեսնենք գերիների վերադարձ, ուրեմն՝ կան արդյունքներ, մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը և ցանկացած ունակ հայ, որն ունի հնարավորություն, ինչ-որ գործողություն է անում: Վստահ եմ, որ գործողություններ կան, բայց պիտի դատենք արդյունքներով՛՛:

Անդրադառնալով վերջին օրերին աճյունների որոնողական աշխատանքը դադարեցնելուն՝ Պողոսյանն ասաց, որ չի ցանկանում դա անպայման կապել Ադրբեջանի արգելքի հետ, քանի որ այս օրերին Արցախում իսկապես եղանակային պայմանները կարող են դա թույլ չտալ, հատկապես որ նման տեղեկատվություն՝ եղանակի մասին, արդեն իսկ ստացվել է, և ԱԳՆ ղեկավարն էլ շեշտեց դա: Սակայն, նրա խոսքով, չպետք է մոռանալ, թե ո՛վ է մեր թշնամին: ՛՛Թուրքը մնալու է թուրք, ադրբեջանցին էլ մնալու է ադրբեջանցի, իրենք չեն փոխվելու, մենք պիտի հասկանանք, որ մեր շահերի պաշտպանը մենք ենք լինելո, դրա համար համապատասխան գործիքակազմ պետք է ձևավորենք:

Ադրբեջանն էլի է ճնշումներ անելու, եթե գերիների հարցն էլ լուծվի, այլ ճնշումներ են լինելու, ՀՀ ԱԺ-ն էլ պիտի կարողանա աշխարհով մեկ ներկայացնել ու պաշտպանել մեր շահերը՝ ճնշումներին դիմակայելու համար: Դրա համար պետք են բանակցություններ, իսկ դրա համար մեր քաղաքական թիմը պիտի փոխվի՛՛,-ասաց Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

  • Կիսվել: