չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախցի կանայք խաղաղ ակցիա իրականացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց և նամակ հանձնեցին

Արցախցի կանայք խաղաղ ակցիա իրականացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց և նամակ հանձնեցին

 Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում էին չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:
 
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին Ադոլֆ Հիտլերի նկարները, ինչպես նաև պատրաստել էին պաստառներ, որտեղ պատկերված էին Ռեջեփ Էրդողանը, Իլհամ Ալիևը և Ադոլֆ Հիտլերը՝ կարծես նույնականացնելով նրանց:
 
Մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ հերոսների, ինչպես նաև իրենց նախնիների նկարները:
 
Մասնակիցներից մեկը՝ Իրինա Սաֆարյանը նշեց, որ իրենք եկել են ՌԴ դեսպանատան մոտ՝ պատմելու հայերի դարավոր պատմության մասին, որի ժամանակ հայերը և ռուսները միասին հաղթանակներ են կերտել:
 
Նա ընդգծեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայաստանից և Արցախից բազմաթիվ մարշալներ և գեներալներ են եղել:
 
«Մենք ավելի շատ հերոսներ ենք տվել, քան ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետություններից շատերը: Այսօր մենք եկել ենք այդ ամենը հիշեցնելու, ինչպես նաև, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել այն ահաբեկչությունը, որն այսօր կատարվում է Արցախում»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ ամեն օր քայլ չանելու ու լռելու պատճառով զոհվում են հայ զինվորներ:
 
Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը կոչ արեց ծափահարել սահմանին կանգնած զինվորներին, ովքեր ամեն րոպե պաշտպանում են իրենց հայրենիքը:
 
«Մենք այստեղ խաղաղ ցույց ենք անում, մեր ձեռքերում էլ պահում ենք Հայրենական մեծ պատերազմի մարշալների, գեներալների, պարզապես մասնակիցների նկարները: Արցախցիների մեծ մասը պայքարել են համաշխարհային ֆաշիզմի դեմ և հաղթանակ տարել: Եկել ենք ասելու, որ  մենք մեր հայրերի և պապերի շարունակողն ենք, և այսօր ցանկանում ենք, որ խաղաղության հասցեն լինի Արցախի սահմանը: Մենք միասին ենք պարտադրել այդ խաղաղությունը ֆաշիստ Հիտլերին, իսկ այսօրվա նոր ֆաշիստներն Էրդողանն ու Ալիևն են: Մենք պետք է պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ»,- ասաց Ադամյանը և ողջույնի խոսքեր հղեց հայերի բարեկամ ազգությամբ ռուս մի խումբ անձանց:
 
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Հաղթելու ենք», «Տղաներ, մենք ձեզ հետ ենք», «Փառք ու պատիվ մեր հերոսներին», «Վերջ Էրդողանին», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Հաղթանակ» և այլն:
 
Ակցիայի ընթացքում ելույթներ ունեցան նաև այն մասնակիցներ, ովքեր պահանջում և խնդրում էին Ռուսաստանից կանգնել արցախցիների, հայ ժողովրդի կողքին՝ նորօրյա Հիտլերին (Էրդողանին – խմբ.) հաղթելու համար:
 
Համավարակի պայմաններից ելնելով՝ արցախցի կանայք իրենց պահանջ-նամակը դրեցին փոստարկղի մեջ, ինչից հետո կսպասեն պատասխանի:
 
Արցախցի կանայք իրենց հետ ծաղկեփունջ էին տարել, որը խաղաղ ցույցից հետո դրեցին ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

  • Կիսվել: