չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախցի կանայք հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետին և հանձնեցին իրենց բաց նամակը

Արցախցի կանայք հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետին և հանձնեցին իրենց բաց նամակը

 Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք հանդիպում ունեցան ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանայք, ովքեր միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային, իրենց դեսպանատան ներկայացուցչին են ներկայացրել նամակի տեսքով ձևակերպված իրենց պահանջը:

 

Դուրս գալով դեսպանատնից՝ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք հանդիպում են պահանջել դեսպան Լին Թրեյսիի հետ:

«Մենք հանձնեցինք նամակի տեսքով ձևակերպված մեր պահանջը և ասացինք, որ պատասխանը պետք է շատ արագ լինի, այլապես հնարավոր է, որ դիմենք ծայրահեղ քայլերի: Անհրաժեշտության դեպքում վրաններ կդնենք ու կապրենք այստեղ: Մենք չունենք ուրիշ հայրենիք, ուրիշ բնակավայր չունենք»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ իրենք պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ն միայն հայտարարություն անելով հանդես չգա:

Լիանա Ադամյանն ասաց, որ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետն իրենց պատասխանել է, որ կփորձի  հանդիպում կազմակերպել դեսպանի հետ:

Արցախցի կանանց ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ. «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն:

Կանայք նաև վանկարկում էին «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի լռեք», «Կանգնեցրե՛ք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» և այլն:

  • Կիսվել: