շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Անելիք ունենք․ վաղն առավոտյան՝ ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Սրբազան

Անելիք ունենք․ վաղն առավոտյան՝ ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ակտիվ գործողությունները սկսվելու են վաղն առավոտյան ժամը 08։00-ից։ Սարդարապատի հուշահամալիրից ավտոերթով Հանրապետություն հրապարակ հասնելուց հետո այս հայտարարությունն արեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա հայտարարեց, որ դեպի Սարդարապատ իրենց ուխտագնացության ընթացքում մի կարևոր արձանագրում արեցին, որ մեր երկրում ասելիք ունեցողը իրենք են, օրակարգ թելադրողը իրենք են: 

«Մեզ որևէ կերպ որևէ բան հետ չի պահելու այդ ճանապարհից, որպեսզի ճշմարտության կողմը հաղթանակի։

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրից ու ամենքիդ։ Մեր այս ամբողջ շարժման առանցքը կազմում է հավաքական նկարագիրը, մեր հավաքական վարքագիծը։ Պատասխանատու մասնակցություն, ոչ միայն մասնակցություն, ոչ միայն պատասխանատվություն։

Մենք ասեցինք, որ սուտը մեր բնության, բովանդակության  ուրացումը չի կարող հավերժ լինել։ Այսօր դուք այդ արձանագրումն եք կատարել, սիրելի ժողովուրդ, հստակ ուղերձ հղելով այն մարդուն, ով մեզ ստիպել է փողոց, հրապարակ դուրս գալ՝ կանխելու համար այն շարունակական աղետը, որ իր միջոցով տարածվել է մեր ողջ կյանքի վրա։

Այս երկու օրը ասել ենք՝ ոչ, անհնար է այդպես, տեղ չունես այնտեղ, որտեղ միայն հաղթանակներն են, ճշմարտությունն է»,-ասաց նա:

Սրբազանը հայտարարեց․ «Ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում. անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու, որովհետև մեր գործողությունները լինելու են միասին»։

Թե ինչ է արվելու, Սրբազանը նախընտրեց նախապես չհայտարարել, որովհետև երբ հայտարարում են, իրենցից առաջ տեղում են հայտնվում «дети» գրառմամբ ավտոբուսով ոստիկանները։
 
Իսկ ի՞նչ է հիմա արվելու․ Բագրատ Սրբազանն առաջարկեց նստել մեքենաները և որքան կարող են ուժեղ ու երկար ազդանշան տալ։ Հիշեցրեց, որ երեկ ոստիկանները տղաներից մեկին դաժան ծեծի են ենթարկել ազդանշան տալու համար։ Երիտասարդին տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց՝ գլխի վնասվածքով։
 
«Հիմա մենք ազդանշան կտանք ի աջակցություն մեր տղայի և նաև ի անհամաձայնություն, մեղմ ասած, ոստիկանական անհասկանալի վարքագծի»,- նշեց Սրբազանը։
Շարժման առաջնորդը բոլորին հորդորեց գնալ հանգստանալու` ճանապարհին ազդանշաններ հնչեցնելով։ Շեշտեց՝ հանգիստը շատ կարևոր է։
 

  • Կիսվել: