կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արաքսիա Սվաջյանը դպրոցականների հետ այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Արաքսիա Սվաջյանը դպրոցականների հետ այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»:

Հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման ժամանակաշրջանին: Հեքիաթի միջոցով աշակերտները ծանոթացել են մեր պատմության իրական հերոսներին:

Ընթերցանության ավարտից հետո ծավալվել է քննարկում առ այն, թե հեքիաթներն իրականում ինչ են սովորեցնում մարդկանց։

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և աշակերտները նաև շրջայց են կատարել թանգարանում, որն ուղեկցվել է թումանյանական մտքերով կազմված ուսուցողական քվեստներով, երգ ու պարով և անակնկալ մրցանակներով։

Նախարարի տեղակալը ծանոթացել է թանգարանի պայմաններին, ցուցադրություններին և անցկացվող միջոցառումներին։

  • Կիսվել: