Ապահովեք Ձեր տեղեկատվական և ֆինանսական անվտանգությունը
DBank-ը հայտնում է, որ վերջերս հաճախակի են դարձել զեղծարարության դեպքերը։ Բանկն այս մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Անհայտ անձիք, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ և մուտք գործելով մարդկանց բնակարաններ, խաբեությամբ վերցնում են նրանց հեռախոսը, լրացնում անհրաժեշտ բոլոր տվյալները, անգամ լուսանկարում տվյալ անձին և նրա անվամբ վարկ ձևակերպելով՝ գումար փոխանցում իրենց հաշիվներին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի պահման կարևորագույն օբյեկտ՝ հնարավոր խարդախությունների զոհ դառնալուց խուսափելու նպատակով խնդրում ենք որևէ պարագայում Ձեր հեռախոսը չտրամադրել այլ անձանց, թույլ չտալ նրանց կատարել որևէ գործողություն, առավել ևս՝ չտրամադրել անձնական տվյալներ։
Խնդրում ենք զգուշանալ նաև սոցցանցերով կամ այլ եղանակով Ձեզ վարկային միջոցներ առաջարկող միջնորդներից, հատկապես, երբ Ձեզ խնդրում են տրամադրել Իդրամ հավելվածի գաղտնաբառն ու PIN կոդը։
Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝
- Թույլ մի՛ տվեք, որ Ձեր Idramդրամապանակից, բանկային քարտից կամ օնլայն/մոբայլ բանկինգի հաշվից փոխանցում կատարեն Ձեր փոխարեն, անգամ եթե փոխանցողը ծանոթ մարդ է։
- Որևէ մեկին մի՛ տրամադրեք Ձեր բանկային քարտի, մոբայլ բանկինգ հավելվածի կամ կայքի մուտքանունն ու գաղտնաբառը/PIN կոդը,
- Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը կամ լուսանկարը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություն մի՛ տրամադրեք անհայտ ծագման կայքերի,
- Փոխանցում կատարելուց առաջ մանրամասն կերպով ստուգե՛ք բոլոր տվյալները, անգամ եթե Ձեզ գրում և օգնություն են խնդրում Ձեր ընկերոջ կամ բարեկամի սոցիալական էջից։
Հնարավոր խարդախությունների զոհ դառնալու պարագայում խնդրում ենք անհապաղ տեղեկացնել Բանկին՝ զանգահարելով 010 593333 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։