հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անօթևանների կացարանը ազատելու համար բնակիչներին երկու օր ժամանակ են տվել

Անօթևանների կացարանը ազատելու համար բնակիչներին երկու օր ժամանակ են տվել

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների  կացարանի բնակիչներին տնօրինությունը հրահանգել է 2 օրում ազատել կացարանը: Կացարանը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամինն է, որը 2004-ից զբաղվում է այս գործունեությամբ, հաղորդում է 168.am-ը:

Անօթեւանների կացարանի բնակիչ Արտաշես Վարդանյանը հայտարարեց, որ իրենց այստեղ շատ լավ են վերաբերվում, սակայն քիչ առաջ տեղեկացրել են, որ պետք է լքեն տարածքը. «Հիմա մենք խնդրում ենք բոլորի օգնությունը, որ մեզ ձմռան այս եղանակին դուրս չհանեն: Մեր մեջ կան նաեւ հաշմանդամներ, ազատամարտիկներ: 93 հոգի այս պահին ապրում է անօթեւանների կացարանում: Մեկ օր ժամանակ են տվել, որ ազատենք տարածքը, եւ ոչ մի այլընտրանք չեն առաջարկում: Չենք էլ ուզում լսել որեւէ այլընտրանքի մասին: Պատճառաբանությունն այն է, որ սոցապ նախարարությունն այլեւս չի կարողանում ֆինանսավորել «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին: Մենք վաղը՝ կառավարության նիստի օրը, բոլորով գնալու ենք կառավարության շենքի մոտ, մենք մեր պահանջը ներկայացնելու ենք եւ մնալու ենք այնտեղ, մենք տեղ չունենք գնալու»,-ասաց նա։

Անոթեւան ազատամարտիկ Մանվել Հարությունյանն էլ նշեց, որ լսել են, որ Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) այլընտրանք են առաջարկել, բայց իրենք չեն ուզում գնալ այնտեղ, ուզում են, որ այստեղ ծրագիրը երկարացվի: «Մեզ ասում են գնացեք 4-րդ գյուղ, էնտեղ էլ ասում են՝ տեսնենք տեղ կա, միգուցե վերցնեն կամ չվերցնեն: Այստեղ հաշմանդամներ կան, կույր մարդ ունենք, իրենց ո՞ւր են հանելու:

Էն օրը հավատացյալ մի կազմակերպությունից էին եկել մրգեր,  Ղարսի խորովածներ  բաժանեցին: Այդպիսի հավատքով մարդիկ կան մեր ազգի մեջ, բա ձեր հավատքը մեռնի, ղեկվարություն, ո՞ւր եք: Քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման: Թող մեզ հանձնեն թշնամուն, կասենք՝ կեղտ ենք կերել, որ էս երկրի համար կռվել ենք: Թող ինձ տանեն մեկուսարան, էնտեղ հացը ձրի, ջուրը ձրի, բոլոր հարկերից ազատված են»,-ասաց նա:

Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ ամեն տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում, իրենք էլ մասնակցում են. «Մենք միակ կազմակերպությունն ենք, որ ունենք լիցենզիա այս ոլորտում:  Այս տարի մրցույթին չենք դիմել, որ մասնակցենք, խնդիրներ կային: Պետք է նոր մրցույթ հայտարարվեր: Մենք պայմանագիր ունենք նախարարության հետ, որի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Դիմել ենք նախարարությանը, դեռ պատասխան չունենք: Ես պարտավոր էի անօթեւաններին ասել, որ պետք է լքեն տարածքը: Թե ուր կգնան, ես չգիտեմ: Ես այլ ճանապարհներով իմացել եմ, որ տանելու են 4-րդ գյուղ: Թե ինչու պետությունը մեզ հետ պայմանագիրը չի շարունակում, ինձ համար մութ է»,-ասաց տնօրենը:

  • Կիսվել: