երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անօթևանների կացարանի բնակիչներին պետությունն առաջարկում է ավելի հարմարավետ պայմաններ

Անօթևանների կացարանի բնակիչներին պետությունն առաջարկում է ավելի հարմարավետ պայմաններ

Տուն-ինտերնատի մշտական բնակիչները լսել են՝ ժամանակավոր անօթևաններին են սպասում: Այս տարվա հունվարի 1-ից պետությունն իր վրա է վերցրել անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանով ապահովելու հարցը:

2021-ի տարեվերջին լրացել է անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի պայմանագրի ժամկետը: Ժամանակավոր կացարան տրամադրելու դրամաշնորհային մրցույթին որևէ կազմակերպություն չի դիմել: Գործառույթը պետությունն է ստանձնել, պատվիրակել թիվ մեկ տուն-ինտերնատին:

Կենտրոնը պատրաստ է 90 օրով 90-91 անօթևանի ընդունել, կերակրել, գիշերակաց տրամադրել: Նրանցից 30-ին այս մասնաշենքում կտեղավորեն, հնարավոր է մշտական՝ որպես կենտրոնի խնամյալ: 90 օր անց աշխատանք չգտնելու դեպքում պետությունն իր քաղաքացիներին դրսում չի թողնի, նորից օթևանի հարց կլուծի:

Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչները չեն ուզում Չորրորդ գյուղի տուն-ինտերնատ տեղափոխվել, տարբեր են պատճառները: Բողոքող բնակիչներին լսել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, տեղեկացրել՝ լրացել է հիմնադրամի հետ գործակցության պայմանագիրը, ուստի չեն կարող անօթևաններին բախտի քմահաճույքին թողնել:

Նախկինում անօթևանների համար նախատեսված այս շենքը հիմա նորից նույն նպատակի համար է: Այստեղ էլ նախատեսում են 50-60 հոգու ընդունել: Պայմանները գուցե գերազանց չեն, բայց բավարար են կեցության համար: Ջեռուցումը կա, ջերմությունն էլ հոգատար աշխատակիցները կապահովեն:

Թիվ մեկ տուն-ինտերնատն այսօր 210 շահառու ունի: Սոցապ նախարարությունը կեցության հետ արդեն հոգացել է ևս 90-ի սննդի հարցը:

  • Կիսվել: