կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գործարկվել է e-disability.am հարթակը

Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գործարկվել է e-disability.am հարթակը

Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից մշակվել և փետրվարի 1-ից գործարկվել է e-disability.am հարթակը:
 
Նոր համակարգը փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիներին հնարավորություն է տալիս՝
  • ստեղծել և ներկայացնել առցանց դիմում ցանկացած պահի և ցանկացած վայրից.
  • դիմումի հետ ստեղծել ու ներկայացնել ինքնագնահատման թերթիկ.
  • դիմումն ստեղծել անձամբ կամ օրինական ներկայացուցչի կողմից կամ ՄՍԾ օպերատորի օգնությամբ.
  • ստանալ դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներ նախընտրելի տարբերակով (էլփոստի հասցե, փոստ կամ առձեռն)։
Այսպիսով, 2023 թ․ փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝
  • նախ քաղաքացին դիմում է բուժհաստատություն, որտեղ կազմվում է էլեկտրոնային ուղեգիր և փոխանցվում ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգին.
  • այնուհետև քաղաքացին մուտք է գործում e-disability.am համակարգ, լրացնում դիմում և ինքնագնահատման հարցաթերթիկ ու ներկայացնում դիմումը.
  • հաջորդիվ, քաղաքացու դիմումը, այդ թվում՝ բուժհաստատություններից ստացված տվյալները համադրվում են պետական տեղեկատվական համակարգերի հետ: Եթե տվյալները ճշգրիտ են և ամբողջական, դիմումը կընդունվի, եթե ոչ՝ ապա դիմումը կմերժվի։ Ցանկացած դեպքում քաղաքացուն ուղարկվում է հաղորդագրություն դիմումի ընթացքի մասին.
  • ապա համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է ամփոփագիր մշակող մասնագետին և ուղարկում քաղաքացու դիմումը։ Ամփոփագիր մշակող մասնագետն առանց ծանոթանալու անձի անձնական տվյալներին, ուսումնասիրում է դիմումը և առկա տեղեկատվությունը, լրացնում ամփոփագիրը, ընտրում հանձնաժողովի ոլորտային բժիշկներին և հարբժիշկներին՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան նշումներ և մուտքագրում ամփոփագիրը հետագա մշակման.
  • այնուհետև, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է գնահատող հանձնաժողովի կազմը՝ ապահովելով անաչառություն և գործընթացների թափանցիկություն։ Հանձնաժողովի անդամների կողմից հաստատման պարագայում գնահատման վայրի և ժամի մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն.
  • գնահատման օրը հանձնաժողովի անդամները գործընթացն իրականացնում են համակարգում կարգաբերված անհատական էջերի միջոցով (որոնք քաղաքացու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն են պարունակում), ուսումնասիրում են ամփոփագիրը, իրականացնում գնահատում.
  • տվյալներն ամփոփվում են անձի ֆունկցիոնալության գնահատման բանաձևի հիման վրա, որի արդյունքում գեներացվում է հանձնաժողովի որոշումը: Վերջինիս մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն իր նախընտրած ծանուցման եղանակով, այդ թվում՝ նաև էլեկտրոնային փոստով։
Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած անձանց ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է ոչ միայն բժիշկ-փորձագետների, այլև հարբժիշկների ներգրավմամբ, ինչը հնարավորություն է տալիս գնահատելու քաղաքացու կարողություններն ավելի հասցեական՝ որոշարկված ծառայությունների մատուցման նպատակով։
 
Անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի կազմը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով։ Համակարգը բացառում և կանխարգելում է մարդկային գործոնով պայմանավորված որևէ սխալ՝ ապահովելով անաչառություն և թափանցիկություն։
 

  • Կիսվել: