երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ամուսնությանը սև հագնես, թե սպիտակ, արդյունքում նույնն է ստացվելու. ԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ-ականների նախագիծը

Ամուսնությանը սև հագնես, թե սպիտակ, արդյունքում նույնն է ստացվելու. ԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ-ականների նախագիծը

Խորհրդարանում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ գործող օրենքի համաձայն, գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն։  Սակայն, ըստ նրա, չի նշվում, թե ինչ եղանակով է պահանջում, ինչը նշանակում է, որ այդ պահանջը  կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր. «Այս հանգամանքը հիմք ընդունելով, շատ գործատուներ գրավոր բացատրություն չեն պահանջում և  աշխատողին ուղղակի հեռացնում են աշխատանքից»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելը համարվում է Աշխատանքային օրենսդրության խախտում:

Այսպիսով, պատգամավորներն առաջարկում են աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պարզ չէ, թե ինչ պարտադիր է բացատրություն պահանջելը գրավոր լինի, եթե այսպես թե այնպես աշխատողը հեռացվելու է խախտում անելու համար. «Դուրս է գալիս այն պատմությունը, որ ասում է՝ ամուսնությանը սև հագնե՞մ, թե՞ սպիտակ, պատասխանում են՝ ինչ էլ հագնես, արդյունքում նույնն է ստացվելու»:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝  նախագիծը նպատակ ունի ապահովելու աշխատողի լսված լինելու իրավունքը։

 

  • Կիսվել: