Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում. Արթուր Դավթյան
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն փաստը, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները բոլորը գտնվում են Ռուսաստանում, ասաց, որ այս պահին համընդհանուր գնահատական տալու հիմքեր չունի։
«Թվարկած անձինք ամեն մեկն ունեցել են առանձին անհատական պատճառներ, որոնք կոնվենցիայով հստակ ամրագրված են»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե ինչու են բոլորը Ռուսաստան գնում, գլխավոր դատախազն ասաց, որ մեկնողներին պետք է հարցնել։ «Երևի հեշտ է Ռուսաստան գնալը: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք շատ ավելի բաց շփման ռեժիմ ունենք: Երկրներ կան, որ խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այդ երկիր չեն կարող գնալ»,- ընդգծեց նա։
Արթուր Դավթյանը միաժամանակ նշեց՝ միայն Ռուսաստան չեն գնում. «Առաջիկայում կիմանաք, որ այլ երկրներ էլ են գնացել։ Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում»։
Հարցին՝ Գևորգ Կոստանյանը փախե՞լ է, Դավթյանն ասաց, որ նման բան չի կարող ասել:
Դիտարկմանը՝ «գյորայի» մեջ մտնում է արդյոք Սաշիկ Սարգսյանի որդին, Դավթյանն ասաց. «Բոլորի մեջ գյորան մտնում է»։
Հարցին՝ այս դեպքում իրենց աշխատանքի թերացումը չեն տեսնում, որ մարդիկ կարողանում են այդքան հեշտությամբ հեռանալ Հայաստանից, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Անձի իրավունքների պաշտպանության խիստ անհրաժեշտություն կա, որովհետև եթե այսօր հարց է առաջանում՝ արդյոք թերացել եք, որ գնացել են, վաղն էլ որևէ մեկին առանց բավարար հիմքի ելքն արգելելու դեպքում հարց կառաջանա՝ թերացում չէ, որ անձի ելքն ապօրինի արգելել եք»։