երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամեն ինչ անում են, որ ՀՀ–ն խաղաղ ապրի. ՌԴ սահմանապահները նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը

Ամեն ինչ անում են, որ ՀՀ–ն խաղաղ ապրի. ՌԴ սահմանապահները նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը

ՌԴ սահմանապահները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության տարածքում նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը, գրում է Սպուտնիկ Արմենիան:  

Փետրվարի 23-ի նախօրեին Հայ–ռուսական բարեկամության հուշարձանի մոտ կայացավ ծաղիկների խոնարհման հանդիսավոր արարողությունը։ Քաղաքական գործիչների և դիվանագետների ներկայությամբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին խոսեց Հայաստանում անվտանգություն և խաղաղություն ապահովելու գործում ՌԴ սահմանապահների դերի մասին։

«ՌԴ սահմանապահները հայ գործընկերների և զինվորականների հետ միշտ ամեն ինչ արել են, որ Հայաստանը հանգիստ և խաղաղ ապրի։ Դա արվել է դարեր առաջ, արվում է նաև այսօր։ Համոզված եմ, որ ժողովուրդների բարեկամությունն ամեն ինչից վեր է Հայաստանի անվտանգության ապահովման գործում», – նշեց նա։

Գոլուբիցկին ընթերցեց ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի շնորհավորական ուղերձը, որում նշվում է, որ ռուսական պետության պատմությունը հարուստ է իր պաշտպանների խիզախության վառ օրինակներով։

ՌԴ ԱԴԾ տնօրենի խոսքով` Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից գործադրվող աննախադեպ ճնշման պայմաններում անվտանգության մարմինների աշխատակիցները ԶՈւ զինծառայողների, ուժային այլ կառույցների հետ անզիջում պայքար են մղում ծայրահեղականության և ահաբեկչության, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ, հաջողությամբ հակազդում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործողություններին, հուսալիորեն պաշտպանում հայրենիքի սահմանները, արժանի ներդրում կատարում պաշտպանունակության ամրապնդման հարցում, պաշտպանում ՌԴ ազգային շահերը։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վետերանների տարածաշրջանային բաժնի խորհրդի նախագահ, պաշտոնաթող գնդապետ Յուրի Վորոնովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ սահմանապահների դերին։

Վորոնովը հիշեցրեց, որ Թուրքիայի և ՀՀ սահմանի հայկական հատվածի պաշտպանությունը երկար ժամանակ իրականացնում էին ԽՍՀՄ սահմանապահ զորքերը, իսկ այսօր հայ–թուրքական սահմանները պաշտպանում են ՌԴ սահմանապահները։ Մինչև 2019 թվականը գործում էր վետերանների միացյալ կազմակերպությունը, քանի որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստեղծվեցին անկախության հռչակման պահից, և դրանք սակավաթիվ էին։

«Այժմ նրանք ինքնուրույն են պահպանում պետական սահմանը։ Մենք նրանց համար կադրեր էինք նախապատրաստում, և այդ բարեկամությունն այսօր շարունակվում է, հուսով եմ, որ կշարունակվի նաև հետագայում` չնայած որոշ դժվարություններին, որոնք առաջացել են ինչ–որ թյուրիմացությունների հետևանքով», – ասաց Վորոնովը։

Վետերանների տարածաշրջանային բաժնի խորհրդի նախագահը նշեց, որ իրենց կառույցը մասնակցում է կադրերի նախապատրաստմանը, ստեղծվել է «Սահմանապահների պատանի բարեկամներ» կազմակերպությունը, ուսումնական կետեր են գործում։

Այսօր սահմանապահ վարչության տարածքում նաև ցուցադրական ելույթ ունեցան ծառայողական հատուկ շները` ներկայացվեցին վարժեցման ընդհանուր տարրեր, խոչընդոտների հաղթահարման գործողություններ, ինչպես նաև բեռնաթափման վարժեցում (ժամանակահատված, երբ շները հանգստանում են մարզումների կամ գործողությունների ընթացքում)։

Ցուցադրվեց նաև վարժեցման հատուկ դասընթացի տարրերից մեկը` պետական սահմանը խախտողին ձերբակալելու գործողությունը։

  • Կիսվել: