Ալիևին էսքան հարց չեք տալիս, ինչքան՝ ինձ. Վարդան Ղուկասյան
Խորհրդարանում այսօր լրագրողները ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցին պարզել, թե արդյոք իրավապահներն իր հետ կապ հաստատե՞լ են՝ կապված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու հետ։
Պատգամավորը հերքեց, որ սպառնալիքներ է հնչեցրեց՝ միաժամանակ նշեց, որ նույնիսկ պատգամավորին չի տեսել։
Երբ լրագրողներն էլ ասացին, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, վերջինս պատասխանեց. «Զարմանում եմ, թե ինչի եք էսքան խառնվում, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի։ Ձեր տերերին ասեք, թող ինձանից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ՝ հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող: Ալիևին էսքան հարց չեք տալիս, ինչքան՝ ինձ»։
Հարցին՝ ով է իր տերը, Վարդան Ղուկասյանն ասաց, որ իր տերն Աստվածն է. «Իմ տերն Աստվածն է, իսկ քո տերը չգիտեմ ով է: Ես տեր չունեմ, ես այն մարդկանցից եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու մի տաս հատ կունենաս»:
Լրագրողները նորից հարցրեցին՝ վարչապետն իրեն զրպարտե՞լ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ, բան չկա: Ես իրեն լավն եմ ցանկանում»։
Պատգամավորը նաև ասաց, որ ինքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին չի ճանաչում. «Չեմ ճանաչում: Ինքը փոքր է, կալիբրները իրար չեն բռնում»։
Միաժամանակ նա հաստատեց իր այն խոսքերը, թե Նազենի Բաղդասարյանի ծնողներին «խանութների տեր» է դարձրել, հողհատկացումներ է արել, խանութների տեղեր է տվել»։
Դիտարկմանը՝ ի՞նչ հիմքով է տվել, Վարդան Ղուկասյանը լրագրողին հորդորեց ինստիտուտներ ավարտել. «Քաղաքապետն ի՞նչ հիմքով է տալիս, աղջիկ ջան»: