շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ախալքալաքում նշվել է Մայրենի լեզվի օրը

Ախալքալաքում նշվել է Մայրենի լեզվի օրը

Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը։ 7-րդ «Ա» դասարանի աշակերտները հայերենի և վրացերենի, ինչպես նաև երաժշտության իրենց ուսուցիչների ղեկավարությամբ պատրաստել էին հանդես, որի ընթացքում ընթերցեցին տոնին նվիրված բանաստեղծություններ, կատարեցին երգեր ու պարեցին, գրում է jnews.ge-ն:

Միջոցառումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգերով։ Հանդեսին հետևելու էին եկել աշակերտների ծնողները, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչներ։ Միջոցառումը պատրաստել էին 7-րդ «Ա» դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թագուհի Սարգսյանի, վրացերենի ուսուցչուհի Ելենա Լազարաշվիլիի և երաժշտության ուսուցչուհի Աիդա Բանդիկյանի հետ միասին։

Դպրոցականներն արտասանեցին բանաստեղծություններ հայերենի և վրացերենի մասին, երգեցին երկու լեզուներով, նաև հանդես եկան ինչպես հայկական, այնպես էլ վրացական ժողովրդական պարերով։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը, ով շնորհակալություն հայտնեց դասարանին՝ պատրաստված միջոցառման համար։

  • Կիսվել: