ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ախալքալաքի արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները` նոր կլիմայական պայմաններում

Ախալքալաքի արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները` նոր կլիմայական պայմաններում

Ախալքալաքում մշակել և հրատարակել են գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների ներդրման վերաբերյալ ուղեցույց, որոնք ավելի մեծ արդյունք պետք է տան փոփոխական կլիմայական պայմաններում: Ճիշտ է, մեթոդները մշակվել են Ախալքալաքի փոփոխվող կլիմային հարմարվող պայմանների հիման վրա, բայց դրանք համընդհանուր են և հիմնված են Եվրամիության և միջազգային կազմակերպությունների առաջարկությունների վրա, գրում է jnews.ge-ն:

Գլոբալ տաքացման հետ միասին փոխվում է նաև բնության հավասարակշռությունը, ու որպես արդյունք փոխվում է նաև արտադրանքը, որը տալիս է մեզ բնությունը, հողը: Ջավախքը գյուղատնտեսական շրջան է, և այն, ինչ տալիս է այստեղ հողը, շատ կարևոր է: Սակայն, ժամանակի ընթացքում գյուղատնտեսության հին, փորձարկված մեթոդներն այլևս ձեռնտու չեն, իսկ նորերը դեռևս ամբողջությամբ չեն ներդրվել:

GIPA- ի աջակցությամբ և «ELVA», «Mercy Corps» և «Արևմտյան Քորք» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Ախալքալաքի տեղական զարգացման խմբի (LAG) հետ, «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակներում, կազմվել և հրատարակվել է էլեկտրոնային «Փոփոխվող կլիմային հարմարվող գյուղատնտեսական մեթոդների ներդրումն Ախալքալաքում» ուղեցույցը: Ուղեցույցը կազմել է գյուղատնտես, ՍՊԸ «Ագրոգլոբալ»-ի տնօրեն Սանդրո Գուջաբիձեն, Ախալքալաքի LAG-ի անդամ Մախարե Մացուկատովի համահեղինակությամբ:

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ գյուղատնտեսության մեջ սա նոր մոտեցում է:

«Ի հայտ են եկել մի շարք հիվանդություններ, որոնք Ջավախքում չկային, օրինակ, կոլորադյան բզեզը բազմանում էր տարին մեկ անգամ, իսկ հիմա՝ երկու անգամ, նաև Ջավախքում հաճախակի կարկուտ չէր տեղում, ինչպես հիմա: Կլիմայի ուսումնասիրությունից սկսած մենք փորձում ենք ուսումնասիրել և փոքրիկ խորհուրդներ տալ ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն մտածել, թե ինչ անեն, որ իրենց բիզնեսը և տնտեսությունը հարմարեցնեն կլիմայական նոր պայմաններին, որպեսզի նրանք կարողանան կանխատեսել կլիմայական պայմանները և նվազագույնի հասցնել ռիսկերը», – ասում է Մախարե Մացուկատովը:

Ձեռնարկում հիմնականում օգտագործվել են Ախալքալաքի մունիցիպալիտետից ստացված տեղեկությունները:

Մախարե Մացուկատովը կարծում է, որ ֆերմերներին իրոք պետք է ուղեցույցը, որպեսզի, կիրառելով այն նրանք արտադրեն էկոլոգիապես մաքուր արտադրանք և չկեղտոտեն բնությունը:

«Ֆերմերները պետք է մտածեն, որ երբ մի բանից եկամուտ են ստանում, նրանք չպիտի վնասեն մյուս ոլորտը: Օրինակ, քիմիակատները շատ վնասակար են մեղվաբուծության համար: Պետք է անցնել կենսաօրգանական արտադրության», – ասում է Մախարե Մացուկատովը:

«Փոփոխվող կլիմային հարմարվող գյուղատնտեսական մեթոդների ներդրումն Ախալքալաքում» ուղեցույցը հասանելի է էլեկտրոնային տարբերակով՝ հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով:

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA), Ախալքալաքի LAG ծրագրի համակարգող Քեթևան Ռուխաձեն կարծում է, որ այս հրատարակությունը ևս մեկ մեծ գովազդ կլինի Ախալքալաքի համար և կօգնի տարածաշրջան ներգրավել ներդրողներին:

«Սա ցույց է տալիս, որ Ախալքալաքցիները բաց են նորարարությունների, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր գաղափարների համար: Այս հրապարակումը կազմված է ԵՄ կանոնակարգերի և այլ կազմակերպությունների հիման վրա, որոնք գործում են այլ երկրներում: Եթե մի գյուղ վերցնի և օգտագործի այդ առաջարկությունները, այդ դեպքում այն մեծ արդյունք կտա», – ասում է Քեթևան Ռուխաձեն:

Այս մեթոդի ներդրումը, ըստ նախագծի նախաձեռնողների, կբարձրացնի ապրանքների արտադրողականությունը, արտադրանքի անվտանգությունը և փոփոխվող կլիմային հարմարեցումը, միևնույն ժամանակ նաև կնվազեցնի գյուղատնտեսության կողմից բնությանը պատճառված վնասները:

  • Կիսվել: