ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ահազանգի հետքերով «Հայանտառի» մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ. նախարար

Ահազանգի հետքերով «Հայանտառի» մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ, իր հատուկ հանձնարարականով, ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու։

«Արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարը:

Ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անդրադարձել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ:

ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:

«Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են):

Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ սույն անտառահատվածներում կատարվել է ծառերի հաշվառում:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս:

Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- ասված էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: