երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է թռիչքը․ գյումրեցի ուղևորները մնացել են Մոսկվայի օդանավակայանում՝ անօգնական ու անհույս

«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է թռիչքը․ գյումրեցի ուղևորները մնացել են Մոսկվայի օդանավակայանում՝ անօգնական ու անհույս

Գյումրեցի Նորայր Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ քաղաքացիներից մեկը, զանգահարելով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ դեսպանատուն, օգնություն է խնդրում, հայտնում է «Առավոտը»։

«Ես օդանավակայանի սպասարահում եմ, խախտում են մեր քաղաքացիական իրավունքը, ես գնել եմ «Աէրոֆլոտ»-ի տոմս, եկել եմ օդանավակայան, բայց «Աէրոֆլոտ»ն իր թռիչքը հետաձգել է, մինչև հիմա իմ փողերը չի տվել, ես պիտի ստանամ իմ փողերը, որ գնեմ նոր տոմս։

Մայիսի 1-ին իրենք նոր տոմս են վաճառում, ես պատրաստ եմ այդ տոմսը գնել, բայց մինչև ամսի 1-ը ես ո՞ւր մնամ։ Թեև մայիսի 1-ի թռիչքն էլ է հարցական, և խոսքը միայն իմ մասին չէ, այլ  հենց այս պահին այստեղ գտնվող 16 հոգու», -ասաց քաղաքացին։ Դեսպանատանից սկզբում նշում էին, որ իրենք կապ չունեն օդանավակայանի հետ, սակայն քաղաքացու պնդումից հետո, որ խախտվում է իր քաղաքացիական իրավունքը, լսեցին նրան։ Դեսպանատնից նաև փոխանցեցին, որ ՀՀ քաղաքացիներին իրենք  տեղավորում են,  որպեսզի չմնան օդանավակայանի տարածքում, քանի որ իրավունք չունեն, քաղաքացին հակադարձեց․ «10 հոգուն տեղավորում եք, բա մնացած 16-ն ինչ անի, ով պիտի տեղավորի»։ Դեսպանատանից արձագանքեցին, որ 16 հոգուն էլ կտեղավորվեն, սակայն քաղաքացին պնդեց, որ իր հարցը մնաց անպատասխան։ Մենք տեսանյութը ՖԲ-ում հրապարակող Նորայր Սիմոնյանի բարեկամուհուց տեղեկացանք, որ մոտ 4 ժամվա պատմություն է, ու նրանք դեռ անորոշության մեջ են։ ՀՀ քաղաքացիները «Դեմոդեդովո» օդանավակայանում են, նրանք պիտի ժամանեին Երևան,  նրանց մեծ մասը գյումրեցիներ են։


  • Կիսվել: