Իրանը հերքում է Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները
Իրանի Բուշեր նահանգի իշխանությունները հերքել են ԱՄՆ-ի կողմից Բուշերի ատոմակայանի օբյեկտների վրա հարձակման և ռադիոակտիվ նյութերի տարածման մասին սոցցանցերում շրջանառվող լուրերը, տեղեկացնում է իրանական Fars-ը:
Մասնավորապես՝ նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալը Fars գործակալությանը տված մեկնաբանությունում հայտարարել է, որ ԱԷԿ-ի վրա հարվածի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ռադիոակտիվ նյութերի արտահոսքի և կայանի թափոնների պահպանման օբյեկտում միջուկային աղտոտման առաջացման մասին հաղորդումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին պնդումներ Բուշերի ԱԷԿ-ի թափոնների պահպանման հարթակին իբր հասցված հարվածի և ճառագայթման հնարավոր արտահոսքի մասին։ Իրանի իշխանություններն այդ հաղորդումները որակել են կեղծ լուրեր։



