Մահափորձի մասին ստացված տվյալներ. ինչու է Թրամփը Թուրքիայից վերադարձել այլ ինքնաթիռով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել են հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ անվտանգության ծառայության՝ որոշման գործոններից մեկը եղել է, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը:
Ինչպես հայտնել են աղբյուրները՝ սպառնալիքն ամբողջությամբ հաստատված չէր համարվում, սակայն Իրանի շուրջ իրավիճակի սրման և տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների ռիսկի հետ զուգակցված՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Սպիտակ տան ռազմական ստորաբաժանումը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները որոշել են, որ նոր ինքնաթիռը ներկայիս պայմաններում հարմար չէ նախագահի թռիչքի համար։
Նշվում է նաև, որ Թրամփը արդիականացված կատարյան ինքնաթիռն օգտագործել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ընթացքում։ Սակայն վերադարձի ճանապարհին նա տեղափոխվել է հին Air Force One, նախ ուղևորվելով Մեծ Բրիտանիա, իսկ այնուհետև արդեն այնտեղից նոր ինքնաթիռով մեկնել Վաշինգտոն։
ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդումները, թե ինքնաթիռի փոխումը կապված է եղել անվտանգության սպառնալիքի հետ։ Ըստ նրա, ինքնաթիռը ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի ամերիկացի զինվորականները կարողանան այն տեսնել։ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «անընդհատ» բախվում է սպառնալիքների և ԱՄՆ հակառակորդների համար «գլխավոր թիրախն» է։



